2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող քաղաքական գործիչ, «Հայ կառուցողական կուսակցություն» նորաստեղծ քաղաքական միավորման ղեկավար Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց գործով տուժող-ոստիկան Գեւորգյան Տիգրանը: Նա դատարանին հայտնեց, որ դեպքի օրը ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, որտեղով անցել են դեպի Սարի թաղ շարժվող ցուցարարները: Իրավիճակի մասին նա հետեւյալը պատմեց. «Զանգվածային անկարգություններ էին տեղի ունենում: Մեր ուժերը պահեստային էին, եւ ծայրահեռ դեպքում էին օգտագործվում: Քաղաքացիների մեծ մասն ալկոհոլի ազդեցության տակ էր: Գարեջրի ու օղու շշեր եմ տեսել, այդ նույն շշերով հարվածում էին ոստիկաններին»:
Ոստիկանի խոսքով՝ Սարի թաղի բնակիչներն էլ ցուցարարներին վերեւից են «օգնել»՝ պատուհաններից առարկաներ նետելով. «Մեզ շրջափակման մեջ էին վերցրել, «մեր ու մանուկ» էին հայհոյում: Քաղաքացիները գինովցած էին, «դեղ արած» էլ կլինեին, հարձակվում էին ոստիկանների վրա: Լրատվամիջոցները չեն նկարել այն, որ մեզ հարվածում էին, հայհոյում, միայն այն են նկարել, ինչ ձեռնտու է: Իրականությունն եմ ասում՝ աչքովս տեսածը: Հարբած վիճակ էր»:
Տիգրան Գեւորգյանի խոսքով՝ ինքը հուլիսի 29-ին մեքենայի հարվածից է տուժել. «Մեքենաները ստուգում էինք: «Օպել» մակինիշի մեքենայի վարորդը քշեց մեր տղաների վրա: Չէինք կարողանում կանգնեցնել: Այդ ժամանակ վնասվեցի: Հետո իմացանք, որ վախից է նման բան արել: ԱԻՆ-ի աշխատող էր: Խորենացի փողոցում էլի մի շարք ոստիկաններ վնասվածքներ են ստացել ցուցարարների գործողությունների հետեւանքով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ինչ հետևություն, այսինքն որ խմում ես ուրեմն դեղ ել պխիտի անես? հետաքրքիր է իսկ տուժող ոստիկան Տիգրան Գեւորգյանը ծխում է? որտև եթե ծխում է ուրեմն… շատերը հասկացան թե նաև ինչա անում ըստ իրա տրամաբանության: