Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մրցակցություն էր ընթանում միլիարդատերերի եւ քաղաքական գործիչների միջեւ». Էդմոն Մարուքյան

Հուլիս 17,2018 15:48

ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է գործող ռեյտինգային ընտրակարգը փոխարինել բաց ցուցակով: Դա հստակեցնում է կուսակցության ներսում մանդատների բաշխումը: «Բնականաբար, բոլոր դեպքերում գործ ենք ունենում համամասնական կարգի հետ, որն ասում է, թե կուսակցությունները համամասնորեն ներկայացված են ԱԺ-ում, բայց հարց է առաջանում, թե ինչպե՞ս են ձայները վերածվում մանդատների ու բաշխվում: Այս առումով մեր առաջարկած մոդելի ամենամեծ առավելությունն այն է, որ սա անում է ժողովուրդը: Այսինքն, ոչ միայն ձայն է տալիս կուսակցությանն, այլեւ ասում է, թե ինչպե՞ս կուսակցությունը պետք է բաշխի ձայները»,- այսօր խորհրդարանում շարունակվող ընտրական օրենսդրության փոփոխության քննարկումների ժամանակ ՀՅԴ-ի մոտեցումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա վստահ է, որ իրենց առաջարկած տարբերակն աջակցում է նաեւ կուսակցությունների զարգացմանը: Ասում է, այսօր, հայաստանյան կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարության խնդիր էլ կա: Դա է պատճառներից մեկը, որ կուսակցությունները մեզ մոտ կայացած չեն: «Այս խնդիրը լուծելու լավագույն ձեւերից մեկը ժողովրդի մասնակցությամբ կատարելն է, ժողովրդավարությունը հենց սա է»,- ասաց նա:

Գործող ռեյտինգային ընտրակարգն, ըստ ՀՅԴ-ական գործչի, խնդիր էր առաջացանում քվոտաների հետ կապված: Իրենք կարծում են, որ քվոտաներն ինքնին ժողովրդավարական չեն. «Ո՞վ է որոշել, որ իրավունք ունի ժողովրդին ինչ-որ քվոտաներ ներկայացնել»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հիշեց հայաստանյան ընտրական փորձը` համամասնական ընտրակարգի հետ կապված: Ինքը լավ հիշում է` ընդդիմությունը միշտ կողմ է եղել համամասնական ընտրակարգին, իսկ արդեն 2015 -2016 թվականներին, երբ փոփոխեցին Սահմանադրությունը, իշխանությունը հայտարարեց, թե բավարարել է ընդդիմության ցանկությունը. «Սակայն հետո ԸՕ-ով ամրագրվեց համամասնականի մի տարատեսակ, որի մասին առաջիններից եմ ասել, որ սա մեզ վատ տեղ է տանում: Այն ժամանակ էլ մանրամասն ներկայացրել էի, թե ինչ է լինելու:  Այդպես էլ եղավ: Գործող ընտրակարգը, որը նախատեսում է տարածքային ցուցակներով ընտրություն, հանգեցրեց նրան, որ տարածքներում մրցակցություն էր ընթանում միլիարդատերերի եւ քաղաքական գործիչների միջեւ, դրա արդյունքում քաղաքական գործիչները հայտնվել էին ծանր իրավիճակում»:

Մինչդեռ, ըստ Էդմոն Մարուքյանի, այսօրվա կառավարությունն առաջարկում է անցնել այն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է. «Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն՝ վտանգը, որ կունենանք երեւանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաեւ կուսակցության ներսում»:

Էդմոն Մարուքյանը դեմ չէ նաեւ ՀՅԴ-ի առաջարկին: Ասում է` լավ տարբերակ է, քանի որ խոսքը թեկնածուների ռեյտինգավորման մասին է հանրապետության ողջ տարածքում: «Մենք կարող ենք բոլոր տարբերակները քննարկել, բայց այսօրվա գործող ընտրակարգը վատն է»,- եզրափակեց նա:

Քննարկումը կշարունակվի ուրբաթ օրը: Կքննարկվեն նախապես ներկայացված գրավոր առաջարկները: Այդ ամենից հետո խորհրդարանական ուժերի կոնսենսուսային որոշումը փաստաթղթի տեսքով կներկայացնեն կառավարության համապատասխան հանձնաժողովին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031