2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող քաղաքական գործիչ, «Հայ կառուցողական կուսակցություն» նորաստեղծ քաղաքական միավորման ղեկավար Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց գործով տուժող-ոստիկան Էդգար Հովհաննիսյանը: Նա դատարանին հայտնեց, որ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ, երբ քաղաքացիները երթով հասել էին թաղամաս, քարով հարվածից իր ձեռքն է վնասվել, իսկ ահա հագուստն ու ոստիկանական վահանը՝ ոչ: Դատավորի հարցերին ի պատասխան նա նշեց, որ իր հագուստը երկարաթեւ է եղել, սակայն Անդրիաս Ղուկասյանի եւ նրա պաշտպան Կարեն Մեժլումյանի համար այդպես էլ հասկանալի չեղավ, թե ինչու հագուստը եւս չի վնասվել: «Ուշադիր չեմ եղել՝ հագուստը վնասվե՞լ է, թե ոչ»,-հստակեցրեց տուժող-ոստիկանը: Պաշտպան Կարեն Մեժլումյանն արձանագրեց. «Ձախ կողմից է եկել քարը, մինչդեռ տուժողն ասում է, որ ժողովուրդը երեւում է կանգնած եղել»:
Ապա Կարեն Մեժլումյանն ու ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանը հարցեր ուղղեցին ոստիկանին:
-Բռնության ականատես եղե՞լ եք:
-Ծառ է վառվել, թե ինչու, չեմ հիշում, ոստիկանները հանգցնում էին:
-Զինված դիմադրություն տեսե՞լ եք:
-Չեմ տեսել:
-Քաղաքացիների կողմից ոստիկաների վրա պայթուցիկ նյութեր նետվե՞լ են:
-Չեմ հիշում:
-Տուժած ցուցարարների տեսե՞լ եք(Սարի թաղի միջադեպից հետո տասնյակ ցուցարարներ հայտնվել էին հիվանդանոցներում.-խմբ.):
-Ոչ:
-Քաղաքացիական հագուստով եւ մահակներով զինված անձանց տեսե՞լ եք, որոնք հարձակվել են քաղաքացիների վրա(տեսանյութերում այդ փաստն արձանագրված է.-խմբ.)
-Ոչ:
-Ոստիկանների վրա հարձակվողներ եղե՞լ են:
-Ոչ:
-Ոստիկանները հարձակվե՞լ են ժողովրդի վրա:
-Ոչ, մեզ հրահանգել են հետ գնալ:
-Բա ժողովո՞ւրդն ինչ արեց:
-Չեմ հիշում:
-Ոստիկանների կողմից քաղաքացիների դեմ հատուկ միջոցների կիրառումից հետո ի՞նչ եղավ:
-Չեմ հիշում:
Մեղադրող դատախազ Պետրոս-Պետրոսյանը միջնորդեց հրապարակել Էդգար Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ դրանում եւ դատարանում ասվածում հակասություններ կան: Կարեն Մեժլումյանն առարկեց. «Նա միջնորդում է հրապարակել համակարգչով տպագրված ցուցմունքները, որոնք դատարանում տրված ցուցմունքների հետ իրականում կապ չունեն: Ցուցմունքներում նույն՝ իրար կրկնող տեքստերն են»: Պետրոս Պետրոսյանը չհամաձայնեց. «Պաշտպանն ուղղորդում է տուժողներին, թե ինչ պատասխաներ պետք է տան»: Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին ասաց. «Սա շինծու գործ է, տուժողներին ճնշել են ու ստիպել ցուցմունք տալ, այդ պատճառով ցուցմունքները նման են իրար»:
Դատավոր Վարդան Գրիգորյանը միջամտեց. «Երկու բառ չի կարողանում իրար կապել, իսկ նախաքննական ցուցմունքը ճարտար լեզվով գրած է: Բա չհրապարակե՞նք, որ տեսնենք, թե հակասությունն ինչում է կայանում»: Ի վերջո, դատարանի որոշմամբ, հրապարակվեց նախաքննական ցուցմունքը, որում Էդգար Հովհաննիսյանն ասել է. «Քաղաքացիների մի մասը ցանկացել է ներխուժել ՊՊԾ գնդի տարածք՝ միանալու գունդը զավթածներին: Փորձում էին իրենց նպատակին հասնել մեզ վրա քարեր ու ապակյա շշեր նետելով՝ ցանկանալով ճեղքել ոստիկանական պատնեշը»: Այս ամենի առնչությամբ դատախազ Պետրոս Պետրոսյանը ճշտող հարց ուղղեց՝ «ձե՞ր ցուցմունքն է, դո՞ւք եք տակը ստորագրել»: Ոստիկանն ասաց՝ «այո», սակայն հակասությունները պայմանավորեց «լավ չհիշելով»: Նա վստահեցրեց, որ իրեն ցուցմունք գրելիս ոչ-ոք ոչինչ չի ստիպել: Կարեն Մեժլումյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք իմացել, թե ժողովուրդը նման նպատակ է ունեցել: Ոստիկանը, հարցին ի պատասխան, միայն լռեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ