Երբ քաղաքական ուժերը մեր երկրում դեռ կայացած չեն, դեռ կայացման փուլում են, անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժերի հետ: Սա, թերեւս, ըստ ԸՕ-ի փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի, գործող ռեյտինգային ընտրակարգի ամենամեծ թերությունն է:
Այս մասին այսօր ՀՀԿ-ի ներկայացուցիչն իր տեսակետը բարձրաձայնեց խորհրդարանում շարունակվող ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ :
«Օրինակ, եթե վերցնենք պայմանական որեւէ մի մարզիկի կամ մշակույթի գործչի, որը ակտիվ քաղաքական գործիչ չէ, բայց ունի կուսակցական պատկանելություն, ու նրան ընդգրկենք ցուցակում, դրանով կուսակցությունը որոշակի ձայն կբերի: Սա նաեւ դրական կողմ ունի, քանի որ հենց այդ մարդիկ են, որ ձեւավորում են կուսակցության դեմքը»,-ասաց նա:
ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, դեմ է առաջարկվող փակ համամասնական ցուցակներին: Դավիթ Հարությունյանն իրենց տեսակետն այսպես է հիմնավորում` այդ պարագայում մայրաքաղաքում կունենանք գերկենտրոնացում. «Այս դեպքում, որպես կանոն, մարզերից մենք չենք ունենում կուսակցության ներկայացուցիչներ, ինչը Հայաստանի պարագայում ունի իր թերությունը»:
ՀՀԿ-ն մնում է բաց ցուցակներ ունենալու տարբերակի կողմնակից. «Եկեք ունենաք բաց ցուցակներ, ժողովուրդն էլ իր ընտրաքվեով ցույց տա այս կամ գործչի հանդեպ իր վերաբերմունքը: Սա զերծ է մի թերությունից. երբ կուսակցության վերնախավը չի որոշում, թե ո՞ր թեկնածուն կարող է անցնել, որը՝ ոչ»: Դավիթ Հարությունյանը խնդիր է տեսնում նաեւ ՀՅԴ-ի առաջարկում` բաց ցուցակներով համապետական ընտրակարգի անցնելուն: Ասում է` խնդիր կունենանք հաշվարկի պարագայում. «Կարող է 100 թեկնածու ու 10 ուժ լինեն գրանցված: Այդ դեպքում ընտրողը պետք է լրացնի 1000 բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին բարդ է»:
«Մարզային քվոտայի» տարբերակի կիրառումն էլ, ըստ Դավիթ Հարությունյանի, կարող է կանգնեցնել խնդրի առջեւ` կուսակցությանն է որոշում, ոչ թե ընտրողը, թե ո՞վ պետք է ներկայացնի մարզը: Բացի այդ, նաեւ նկատի պետք է ունենալ այն հանգամանքը, որ մարզում հաշվառված լինելը դեռ չի նշանակում, թե տվյալ թեկնածուն ներկայացնում է մարզը. «Վտանգ կա նաեւ, որ ՀՀ խոշոր մարզերի ներկայացուցիչները կհայտնվեն խորհրդարանում, իսկ փոքրերն այդ հնարավորությունը չեն ունենա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ