Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ «նախնական» այց

Հուլիս 17,2018 22:00

Կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության առաջին այցը Բրյուսել թավշյա հեղափոխությունից հետո։ Այցը, ինչպես եւ դրան նախորդած երկու այցերը Ռուսաստան, աշխատանքային էր, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակներում, որոնց մի մասը՝ կարճատեւ եւ ավելի շատ՝ ճանաչողական, ձեռքսեղմումներ «ոտքի վրա» արեւմտյան պետությունների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանը հեղափոխությունից հետո վարչապետի շուրթերով հայտարարել է, որ նախ՝ մեր արտաքին քաղաքականության մեջ աշխարհաքաղաքական շրջադարձեր չեն լինելու, մեր քաղաքականությունը չի լինելու ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ եւ չի լինելու հակառուսական, հակաեվրոպական եւ հակաամերիկյան, եւ Հայաստանը հավատարիմ է մնալու իր դաշնակցային պարտավորություններին ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում։

Միեւնույն ժամանակ արձանագրենք, ընդունելով վերը նշվածը որպես քաղաքական կուրս, որ թավշյա հեղափոխությամբ Հայաստանի եւ Արեւմուտքի, արեւմտյան կառույցների հետ հարաբերություններն օբյեկտիվորեն ձեռք են բերում իրական խորքային ընդհանրություններ եւ նոր՝ արժեքային չափումներ։ Եվ միջազգային հարաբերությունների ներկայիս փուլում Հայաստանի համար այս ամենն ունի կենսական եւ ռազմավարական կարեւորություն ոչ միայն Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային խաղաղության եւ եվրոպական անվտանգության ապահովման գործում իրապես ընդհանուր շահերի արձանագրման, դրանք այդ հարաբերությունների հիմքում դնելու համատեքստում։ Վարչապետ Փաշինյանը որակեց տեղի ունեցած հանդիպումները որպես շատ ջերմ, եւ դա «մեկուսի» ջերմություն չէ, այլ արտացոլումն է բոլոր բացված հեռանկարների՝ այդ հարաբերությունները զարգացնելու ու ընդլայնելու առումով։

Հայաստանը, ունենալով աննախադեպ լեգիտիմությամբ եւ հանրային աջակցությամբ իշխանություն, ստանում է հնարավորություններ միջազգային հարաբերություններում իր ինքնիշխան դիրքերն ամրապնդելու, զարգացման ճանապարհի խոչընդոտները վերացնելու համար, խոչընդոտներ, որոնք գալիս են քսանամյա կոռումպացված, ինքնասպասարկմամբ զբաղվող իշխանություն ունենալուց, Ռուսաստանի հետ ուղղահայաց, սյուզերեն-վասալ հարաբերություններից եւ դրանից ուղղակի կամ անուղղակի բխող այլ գործոններից։
Այդ՝ խիստ «նախնական» այցը Բրյուսել, որի առիթն էր ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որոշ իմաստով հարաբերությունների նոր էջ բացեց մեր երկրի եւ Արեւմուտքի քաղաքական, տնտեսական եւ ռազմական կառույցների հետ։ Նոր՝ այն իմաստով, որ Հայաստանի համար հիմնովին փոխվել են այդ հարաբերությունների իմաստը եւ փիլիսոփայությունը։
Եթե մինչ հեղափոխությունը Արեւմուտքի եւ արեւմտյան կառույցների հետ Հայաստանի՝ խիստ ցածր լեգիտիմությամբ իշխանությունների համար հարաբերություններն անհրաժեշտ էին լեգիտիմության բացը դրսում համալրելու, այնուհետեւ ներքին ընդդիմախոսների բերանները փակելու համար, ներկայանալով որպես Արեւմուտքի «թիվ մեկ գործընկերը» երկրում, իսկ ուրիշներին էլ անվանել որպես «գրանտակեր», ապա ներկայիս իշխանության պարագայում դրա անհրաժեշտությունն ուղղակի բացակայում է, եւ Հայաստանի ներկայիս իշխանությունն ուղղակի նման «փորացավ» չունի։

Սակայն պատրա՞ստ են արդյոք Հայաստանը եւ Արեւմուտքը նոր որակի հարաբերություններ հաստատելուն։ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով դժգոհեց Եվրամիությունից՝ նշելով, որ կա՛մ, ըստ էության, թավշյա հեղափոխությունից ոգեւորության աստիճանը պետք է նվազեցվի, կա՛մ ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերվի, պետք է փոխվի մոտեցումը Հայաստանի նկատմամբ։
Մի կողմից՝ Հայաստանի շահերի եւ կարիքների ընկալումներն Արեւմուտքում երկու տասնամյակ շարունակ զգալի չափով նույնացվել են նախկին իշխանությունների հետ, եւ այդ իներցիան կոտրելու խնդիրը երկու ամսում եւ մեկ աշխատանքային այցով չես կոտրի։ Բացի դրանից, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավապայմանագրային բազան՝ CEPA-ն, կազմվել է 2013-ի սեպտեմբերի 3-ի՝ համատեղ հայ-եվրոպական ֆիասկոյից հետո, երբ արդեն բանը բանից անցել էր, Հայաստանին «թրաֆիքինգի էին ենթարկել», այսպես կոչված, Եվրասիական միություն, եւ նոր պայմանագիրը կազմվեց եւ կնքվեց այդ իրողությունները հաշվի առնելով դեռ նախկին իշխանությունների օրոք։ Եվ ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, հետեւաբար ի՞նչ նոր բան ակնկալենք Եվրամիությունից։

Անշուշտ, Փաշինյանը, թեկուզ մասամբ կոշտ, բայցեւ մասամբ էլ արդարացված նշեց, որ ժողովրդավարությունն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների պահանջն է, այլ ոչ թե լավություն է Եվրոպային, ինչի դիմաց մեզ պետք է «կոնֆետ տան»։ Ընդ որում, պետք է նշել, որ նույնն է նաեւ ԱՄՆ-ի պարագայում։ Բայց մյուս կողմից՝ այո՛, Հայաստանը, բացի քաղաքական կամքից, որն առկա է, կարիք ունի նոր ինստիտուցիոնալ կարգավորումների եւ երաշխիքների ստեղծման, առանց որի բարենպաստ ներդրումային եւ բիզնես միջավայր ստեղծելն ուղղակի անհնարին կլինի։ Եվ այդ իմաստով, բնականաբար, Հայաստանը կարիք ունի հենց Եվրամիության ե՛ւ փորձի, ե՛ւ աջակցության, այլ ոչ թե մեր «դաշնակիցների», որոնցից կարելի է միայն սովորել, թե ինչպես չի կարելի։ Իսկ դրա համար անհրաժեշտ են բարեփոխումների ծրագրեր, երկարաժամկետ ռազմավարություններ, որոնցից պարզ կդառնա, թե դեպի ուր է գնում եւ ուր է հասնելու Հայաստանը։ Բնականաբար, դրա մասին հնարավոր կլինի խոսել արդեն արտահերթ ընտրություններից հետո միայն։ Այնպես որ, համբերել, աշխատել, այլ ոչ թե սրտնեղել է պետք, քանզի այս ամենի համար նախ ժամանակ է պետք եւ ջանքեր, որպեսզի դա տեւի հնարավորինս կարճ, ինչը թույլ կտա օգտագործել Հայաստան-ԵՄ հարաբերությունների այն ահռելի ներուժը, որը մնում է դեռ «քնած»։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին, ապա այստեղ խնդիրներն ավելի ծանր են։ Մեծ հաշվով, այդ հարաբերությունները կարիք ունեն պարզապես նոր էջից սկսելու։ Ասվում է, որ «մենք ՀԱՊԿ անդամ ենք», եւ որ «մենք հավատարիմ ենք մնալու դաշնակցային պարտավորություններին», բայց եւ ասվում է, որ «կան խնդիրներ», որոնք պետք է լուծվեն եւ կլուծվեն «բարեկամաբար»։ Հավելենք, սակայն, որ մի կողմից՝ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը ենթադրում է բազում հստակ սահմանափակումներ Հայաստանի եւ այլ երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման համար, միեւնույն ժամանակ ՀԱՊԿ պայմանագիրը չունի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ կետին համարժեք դրույթ (մինչդեռ նույնիսկ Վարշավյան պակտում դա կար 4-րդ կետում), եւ դա մեծ հաշվով դաշինք էլ չէ, քանզի դրան անդամակցողները դաշնակիցներ էլ չեն։ Բայց դրանք այն «իրողություններն» են, որոնք քսան տարի շարունակ մեր երկրի շուրջ ամրագրել-կառուցել են «ժուչոկ»-պաշտոնյաները՝ վերածվելով մի իսկական ժանտախտի, որը մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա ընթացքում չես վերացնի, նույնիսկ եթե շատ էլ ցանկանաս, մանավանդ, որ դրա այլընտրանքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։

Մյուս կողմից՝ այդ բոլոր խնդիրներով եւ ներքին թյուրըմբռնումներով հանդերձ, այս կառույցն է, որն ընդունակ է դիմագրավել այդ հակաքաղաքակրթական սպառնալիքին եւ կայունություն է բերելու տարածաշրջան։ Հանդիպումները, գագաթնաժողովին ընդունված փաստաթղթերը, որդեգրած մոտեցումները որոշակիորեն մեծացնում են այն քաղաքական գինը, որը կվճարի տարածաշրջանում ռուսական շահերի եւ ռուսական հակաքաղաքակրթության գլխավոր հաղորդիչ՝ բռնապետական Ադրբեջանը, եթե փորձի նոր պատերազմ սանձազերծել՝ հերթական անգամ խախտելով իր միջազգային պարտավորությունը եւ հանձնառությունը։

Եթե մինչ հեղափոխությունը Ադրբեջանի հնարավոր հարձակումը կարող էր դիտարկվել որպես բռնապետ Ալիեւի հարձակում իր կոմունիստ հոր նախկին պարտկոմների գլխավորած հարեւանի վրա, որքան էլ որ մեծ լիներ «ներքին հյուսվածքների» տարբերությունը, ապա ներկայումս դա կարող է ընկալվել որպես հարձակում ժողովրդավարության եւ ազատության վրա։ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքներում հակամարտությունները նշված երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու, այնտեղից ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին դրույթները տեղ են գտել ամփոփիչ բանաձեւում՝ դուրս թողնելով այդ ցուցակից Ադրբեջանին, ուրվագծելով հնարավորություն Ղարաբաղյան հարցը հետխորհրդային «Կոսովոյի» ճանապարհով ուղղորդելու։

Բնականաբար, այդ իմաստով «մեր դաշնակից» Ռուսաստանը, որն օր առաջ ձգտում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայություն ապահովել, այդպիսի հեռանկարի թիվ մեկ հակառակորդն է այժմ եւ լինելու է այդպիսին նաեւ ապագայում։ Սա է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների այն կարեւորագույն չափումը, որը կանխորոշել եւ կանխորոշում է Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում եւ հատկապես Կովկասում, բայց մինչ օրս հայտնի պատճառներով հաշվի չի առնվել եւ չէր էլ կարող հաշվի առնվել Հայաստանի նախկին իշխանությունների կողմից։

Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ հետ մնալու ժամանակի տրամաբանությունից, քանզի մենք առանց այն էլ չափազանց շատ ժամանակ ենք կորցրել։ Թերեւս այս օրակարգն իր զարգացումը կստանա առաջիկայում՝ արդեն Բրյուսել եւ Վաշինգտոն պաշտոնակա՛ն այցերի շրջանակներում, որը ցանկալի է, որ երկար սպասել չտա եւ ուղեկցվի նոր, հստակ, շոշափելի եւ չափելի առաջարկություններով։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Ռուսներին քծնելը թողեք Ալիեւին եւ նրա շրջապատին, միեւնույն է՝ նրանցից լավ դա չեք կարող անել, դա նրա՛նց փեշակն է, այլ ոչ թե ձեր։ Բացի դրանից, ռուս ղեկավարները դա ոչ թե գնահատելու են, այլ արժանացնելու են արհամարհանքի եւ էլ ավելի են ձգտելու նստել ձեր եւ մեր գլխին։ Ուղղակի ասեք՝ ինչ եք ուզում եւ ինչ չեք ուզում, ինչն եք անելու եւ ինչը չեք անելու ոչ մի դեպքում։

«Առավոտ»

17.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031