Այսօր խորհրդարանում շարունակվում են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքային խմբի քննարկումները: Քննարկման մեկնարկից կես ժամից ավելի էր անցել, կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչները դեռ չէին ներկայացել: Պատգամավորները որոշեցին այնուհանդերձ շարունակել հանձնաժողովի աշխատանքը: Այսօրվա քննարկման հիմնական թեման էր ընտրակարգի խնդիրը:
Նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց` իրենց քաղաքական ուժը կողմ է փակ համամասնական ընտրակարգին: Բայց քննարկումներին դեմ չեն: Դեմ չեն նաեւ արդյունքում այնպիսի մոդելների կիրառմանը, որոնք մարզային թեկնածուների ներգրավվածության հնարավորություն կտան:
«Բնականաբար, այդ մոդելը չի կարող լինել գործողի նման, որով մենք գնացինք ընտրության: Մեր գնահատմամբ՝ գործող մոդելն ընտրությունները տարավ ապաքաղաքականացման, եւ ընտրություններն իդեաների, բրենդների, կուսակցությունների միջև պայքարից տեղափոխեց ռեսուրսների պայքարի դաշտ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, փակ համամասնական ընտրակարգին կողմ է նաեւ «Ելք»-ը, ՀՅԴ-ն առաջարկում է խառը տարբերակ, իսկ ՀՀԿ-ն անդրդվելի է եւ մնում է բաց համամասնական, այն է` գործող ռեյտինգային կարգին հավատարիմ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ