2018 թ. հուլիսի 13-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով փորձագետ Գ. Հարությունյանին: Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Նրա մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Փորձագետները եզրակացրել են, որ սրտաբանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Եվ խնդիրն արձանագրելուն պես պետք է ուղեգրեր այլ հետազոտությունների, ինչը չի արել: Նշենք, որ զորակոչային հանձնաժողովի բժիշկների մի մասը դատարանում նշել է, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները հակառակն են պնդել:
Գ. Հարությունյանը դատարանում վերահաստատեց փորձագիտական եզրակացությամբ հայտնած դիրքորոշումը: Նա նշեց, որ նախնական հետազոտության այդ տվյալների դեպքում անհրաժեշտ էր ուղեգրել այլ հետազոտությունների: Փորձագետին հարցաքննելուց հետո դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 14:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ