«Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովը չկա, եւ դրա փոխարեն գործառույթը 3 պոլիկլինիկաներում են անում: Զինկոմիսարիատի հանձնաժողովը տեղակայված է պոլիկլինիկաներում, որոնց անձնակազմից եւս ներգրավված են այդ գործում: Սա փորձ է, պիլոտային ծրագիր, տեսնենք, եթե լավ է աշխատում, կտարածենք նաեւ մյուս զինկոմիսարիատների վրա»,-այսօր այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նկատեց՝ պոլիկլինիկական անձնակազմի անփորձության պատճառով որոշ թերություններ կան, որոնց մի մասը տեղում շտկել են, մի մասն էլ ոչ էական խնդիրներ են եղել, դրան կշտկվեն ընթացքում: «Պայմանավորվեցինք մյուս զորակոչն էլ նույն կերպ անել՝ միացնելով մարզային զինկոմը»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից զորակոչի ժամանակ բացահայտված կոռուպցիոն սխեմային, Թորոսյանն ասաց. «Տեղյակ եմ դրա մասին: Առաջին դեպքը չէ, հուսամ վերջինը կլինի ու խրատ կլինի բոլոր նման ապօրինի գործընթացներում ներգրավված բժիշկների եւ ոչ բժիշկների համար»: Ըստ նախարարի, նախկինում էլ են նման բացահայտումներ եղել. «Բայց զարմանալին եւ գուցե նաեւ զայրույթ է առաջացնում այն, որ նույնիսկ այն դեպքում, երբ կատաղի պայքար է մղվում նման բարքերի դեմ՝ գումարով բանակից ազատելու, էլի հայտնվում են բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ՝ զինկոմերի կամ այլ անձանց դրդմամբ: Կոչ եմ անում բժիշկներին չներգրավվել նման պրոցեսի մեջ, որովհետեւ նրանց սպասելու է նույն ճակատագիրը»:
Թորոսյանը վստահեցրեց՝ նախարարության գործառույթը նման երեւույթները բացառելու համար բոլոր փուլերում օբյեկտիվությունը պահպանելն է. ասենք մի բժշկի կատարած աշխատանքը մեկ այլ բժիշկի միջոցով ստուգելը. «Այլ բան ՊՆ-ն ու ԱՆ-ն չի կարող անել: Եթե օրենք է խախտվում, պետք է հայտնաբերվի ու պատժվի: Մարդկային գործոնից բխող ռիսկերը պետք է վերացվեն իրար վերահսկելով, գրված դիագնոզները ստուգելով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ