Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական ամբիցիա՞, թե՞ բացահայտման բեմականացում

Հուլիս 17,2018 12:00

«Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրենը դիմում-բողոք է ներկայացրել
գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտե՝ Կարեն Շահբազյանի դեմ

«Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե` իր եւ ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու դիմում-բողոքով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հրաշք այգի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Ավետիսյանը: Գործարարն իր եւ իր ղեկավարած ընկերության գործարար համբավին մեծ վնաս հասցնելու մեջ մեղադրում է պետական մարմնի պաշտոնատար անձին` ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանին: 2018 թվականի հունիսի 22-ին ընկերության ներկայացուցիչները ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից են տեղեկացել այն մասին, որ «բացահայտվել է չարաշահումների մեխանիզմ՝ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ներկրման եւ բաշխման գործընթացում», եւ որ իրենց կազմակերպության անունը եւս ներառված է բացահայտումների շղթայում:

Ըստ հաղորդագրության՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից եւ Ռուսաստանից ներկրելով նշված երկու տեսակի պարարտանյութերը, 2015 թ. ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար ավելի քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38.800.000 ՀՀ դրամ գումար:

Ընկերության ղեկավարը համաձայն չէ հարուցված քրեական գործի եւ դրանում ներկայացված հիմնավորումների հետ: Գործը համարում են «շոու», կարծում են, որ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանն այս ամենն արել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ երեւալու եւ նոր կառավարությանը հաճոյանալու համար: Ասում են` նա չունի հիմնավոր փաստարկներ, եւ պնդում են, թե գործի է դրվել զուտ սեփական ամբիցիան՝ իր տեղը նոր իշխանության մեջ ապահովագրելու անձնական մղումը: Ավելին, կարծում են, որ այսպիսով փորձ է արվել ստվերել ներկայումս կոռուպցիայի դեմ մղվող պայքարի արդյունավետությունը` բարեխիղճ տնտեսվարողներին ոչ իրավաչափ մեղադրելով եւ գործող իշխանությանը «արջի ծառայություն» մատուցելով: Այս առիթով գործարարն ու ընկերության շահերի պաշտպանը մի շարք հիմնավորումներ ունեն, ըստ որում՝ փաստաթղթերով:
Նախ՝ Միքայել Ավետիսյանի պնդմամբ՝ գործի նախաքննական փուլում Արթուր Իվանյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն`դատավարական նորմերի խախտմամբ: Նրան ոչ թե ծանուցագիր է ուղարկվել՝ ինչպես կարգն է պահանջում, այլ ընդամենը զանգ` բջջային հեռախոսին: Զանգահարողն էլ ներկայացել է որպես ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, խնդրել է ներկայանալ վարչություն եւ ցուցմունք տալ։ Ավելի ուշ Միքայել Ավետիսյանը զանգահարել է նույն համարով` պարզելու համար, թե ի՞նչ գործով է Արթուր Իվանյանը հրավիրվում ցուցմունք տալու: «Ասեցին՝ կգաք, տեղում կծանոթանաք»,- պատմում է փաստաբանը։ Խորհրդակցել են, իրենց համար ամրագրել դատավարական նորմերի խախտումը, բայց որոշել են գնալ` բոլոր հարցերը հնարավորինս արագ պարզաբանելու նպատակով։ Հարցաքննությանը մասնակցել է նաեւ վարչության պետը՝ Կարեն Շահբազյանը։ Ասել են, թե հարցաքննությունը մի շարք համայնքապետերի կողմից չարաշահումների եւ կեղծիքների գործով է։ «Ներդրումները եւ բաշխումը դուք եք արել, ձեր ցուցմունքն էլ է ամբողջությամբ պետք»,- այսպես են պարզաբանել։ Արթուր Իվանյանը հարցաքննվել է իբրեւ վկա։ Փաստաբանը ներկայացնում է, որ իր պաշտպանյալը` Արթուր Իվանյանը, մանրամասն պատմել է 2014-16 թվականներին ընկերության կողմից իրականացված պետական բոլոր ծրագրերի մասին. «Ներկայացվել են նաեւ ձեռքբերումների, ներկրումների, բաշխումների մասին տեղեկություններ՝ ընդունման-հանձնման ակտերով, թեեւ դրանցում նաեւ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ կային, բայց որպեսզի քննչական կոմիտեին հնարավորություն ընձեռվի ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին, դա եւս ներկայացվեց»,- պատմում է փաստաբանը եւ մի ուշագրավ հանգամանք ընդգծում. «Հարցաքննության ընթացքում Կարեն Շահբազյանը մի հարց հնչեցրեց, որը չարձանագրեցին: Հարցրեց` որքա՞ն ատկատ եք տվել այլ անձանց։ Պատասխանը եղավ բացասական։ «Ձեր պատասխանը դուրս չեկավ` ասաց Կարեն Շահբազյանը»։ Միքայել Ավետիսյանն այս դրվագից ենթադրում է, որ քննությունը չի գնում հանգամանքների բացահայտման ուղղությամբ, կանխակալ վերաբերմունք կա. «Իմ կարծիքով՝ համայնքապետերի կողմից, իրենց ներկայացմամբ, չարաշահումներ են եղել, իրենք մտածում են, որ ամբողջ գործընթացն է չարաշահումներով եղել»։

Հարցաքննությունից մոտ 20 օր հետո էլ ընկերության ներկայացուցիչներն արդեն լրատվամիջոցներից տեղեկանում են, որ շատ հանկարծակի, իբր, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների հետ կապված հափշտակության բացահայտում է կատարվել, եւ որ խարդախության փաստով քրեական գործ է հարուցվել ընկերության դեմ: Այս ամենում ընկերության ղեկավարն ու նրա շահերի պաշտպանը «անձնական միտում» են տեսնում ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի կողմից: Բացահայտ միտում դիտարկելով ոչ միայն ատկատների մասին ցուցմունք կորզելու նրա կողմից հնչեցված եւ չարձանագրված հարցը, նաեւ այն, որ դեռ գործի նախաքննության փուլում Կարեն Շահբազյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ներկայացնելով նյութերը, իբր իրականացրած հափշտակության սխեման գծելով, կադրում ուղիղ խոսքով խոսել է բաշխման գործընթացում խարդախությունների, հափշտակությունների մասին՝ եթերում հնչեցնելով «Հրաշք այգի» ՍՊԸ-ի անունը: Մինչդեռ ընդգծենք, որ կասկածյալներ, մեղադրյալներ դեռ հայտնի չեն։ Նշենք նաեւ, որ նույն` «Հանցանքի հետքերով» հաղորդաշարի շրջանակներում երկրորդ կողմին խոսելու հնարավորություն չի տրվել։

Ուշագրավ է նաեւ, որ քրեական գործի հարուցումից հետո ընկերության որեւիցե աշխատակից մինչ օրս չի հրավիրվել Քննչական կոմիտե, քննչական որեւէ գործողություն չի կատարվել։ Մինչդեռ ընկերությունն ունի միջազգային գործընկերներ, տարիներով ձեւավորած հեղինակություն, գործընկերային լուրջ եւ ծանրակշիռ կապեր, որոնք այս ամենի արդյունքում տուժել են: Չեն թաքցնում՝ կան միջազգային հեղինակավոր ընկերություններ, որոնք այդ հաղորդագրությունից հետո արդեն իսկ զգուշավոր են վերաբերվում Արթուր Իվանյանի ղեկավարած ընկերության հետ հետագա համագործակցությանը: Այդ պատճառով էլ իրենք դիմում-բողոքներ են ներկայացրել ՀՔԾ, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե՝ ընկերության մասով անհիմն քրեական գործի հարուցման մասին։ ՀՔԾ-ից արձագանքել են, որ բողոքը վերահասցեավորվել է ՔԿ։ Գործարարն ու փաստաբանը ուղարկված դիմումների արձագանքից կախված` կորոշեն իրենց հետագա քայլերը: Արձագանք, սակայն, դեռ չկա:

Այս ամենում պարոն Իվանյանի եւ նրա փաստաբանի համար անհասկանալի շատ բան կա: Իրենք դեռ չգիտեն, թե իբրեւ չարաշահում ներկայացվող 38.800.000 ՀՀ դրամ գումարը որտեղի՞ց է գոյացել եւ ինչպե՞ս։ 2014 եւ 2015 թվականներին ձեռք բերված պարարտանյութի խմբաքանակների ապրանքային մնացորդները եւ դրանց դիմաց տրամադրված համապատասխան սուբսիդիաներն էլ, ասում են, օգտագործվել են 2016 եւ 2017 թվականներին` համաձայն ՀՀ կառավարության 05.02.2015 թվականի N 96 եւ ՀՀ կառավարության 29.01.2016 թվականի N 73 որոշումների: Ընդ որում, ապրանքային մնացորդները առաջացել են ոչ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի պատճառով: Ավելին, ապրանքային մնացորդների պահպանության համար ընկերության փաստաթղթավորված ծախսերը չեն փոխհատուցվել պատվիրատուի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031