Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դարձյալ «մղձավանջի» եւ «դրախտի» մասին

Հուլիս 17,2018 10:21

1917 թվականին իշխանության եկած ռուս բոլշեւիկների համար ցարական ռեժիմը «մղձավանջ» էր, իսկ նրանք եկել էին «մեկ, առանձին վերցրած երկրում» դրախտ սարքելու: 1956 թվականին Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի կառուցած սոցիալիզմը բավականին սխալ սոցիալիզմ էր, որում «անձի պաշտամունք» կար, իսկ նա «մարդկային դեմքով» սոցիալիզմ է կառուցելու: Բրեժնեւի ժամանակ դատապարտվում էր Խրուշչովի «վոլյունտարիզմը», Գորբաչովի ժամանակ՝ Բրեժնեւի «լճացումը», իսկ Ելցինը դարձյալ հայտարարեց, որ անցած 70 տարիները «մղձավանջ» էին: ՀՀՇ-ն Հայաստանում նույնպես այդ կարծիքին էր: Այնուհետեւ եկավ Քոչարյանը եւ հայտարարեց, որ ՀՀՇ-ական ռեժիմը «թալանչիների» եւ «մարդասպանների» ռեժիմ էր: Հիմա, կարծես թե, եկել է ժամանակը անցած 27 տարիները «մղձավանջ» անվանելու:

Նրանք, ովքեր գիտակից կյանք են ապրել մինչեւ 1990 թվականը, այդ մարդկանց մեծ մասը անկախ Հայաստանի տարիները «մղձավանջ» է համարում այն պատճառով, որ զրկվեց ապահով, բնականոն կյանքով ապրելու հնարավորությունից: Իմ հասակակիցներից շատերը (եկեք անկեղծ խոստովանենք) իրենց մեջ ուժ չեն գտնում ապրելու ներկայով, այսօրվա օրով, եւ նրանց ինքնահաստատման հիմնական ձեւը «հին, բարի ժամանակների» մասին խոսելն է՝ այն համակարգի, որը «սրանք քանդեցին»: Տարիքային այդ խմբի ներկայացուցիչները ողջունեցին «թավշյա հեղափոխությունը» եւ կարծում են, որ դրա արդյունքում, օրինակ, կվերագործարկվի «Նաիրիտը»: Նրանք, ովքեր ծնվել են 1990 թվականից հետո, անցած 27 տարին «մղձավանջ» են համարում, որովհետեւ «երկաթյա վարագույրի» բացակայության եւ տեղեկատվության մատչելիության պայմաններում հնարավորություն ունեն համեմատելու մեր երկրի եւ այլ երկրների վերջին 30 տարիների զարգացումը, եւ այդ համեմատությունը շատ դեպքերում մեր օգտին չէ: Իսկապես, ինչո՞ւ Հայաստանում այնպես չէ, ինչպես Չեխիայում կամ, ասենք, նույն Խորվաթիայում: Հետեւաբար մենք 27 տարի ինչ-որ հիմարություններով ենք զբաղվել, եթե, իհարկե, չենք «պայքարել ռեժիմի դեմ»: Այ, հիմա եկել է հեքիաթային երկիր կառուցելու ժամանակը:

Իրականում անցյալն ու ներկան հակադրելը, դրանցից որեւէ մեկին «+» կամ «-» դնելը, ապագա դրախտի մասին խոստումները ընդամենը վկայում են պատմական մտածողության բացակայության մասին: «Ով մեզ` նորերիս, բան է ասում, նա երազում է նախկին մղձավանջի վերադարձի մասին» փաստարկը լավ է որպես քարոզչություն, բայց վատ է պատմական հեռանկարի առումով: Եթե ես լավն եմ ոչ թե նրանով, որ լավ գործեր եմ անում, այլ միայն նրանով, որ ինձնից առաջ եղածներն էին վատը, ուրեմն ինձնից հետո եկածն էլ իրեն նեղություն չի տա լավ գործեր անելու:

Իսկ մղձավանջը եւ դրախտը «դրսում» չեն: Ամեն մարդ իր հոգում կարող է «ստեղծել» թե՛ մեկը, թե՛ մյուսը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    1917 թվականին իշխանության եկան ոչ թե ռուս, այլ ռուսաստանցի բոլշեւիկները եւ գրեթե բոլորի կանայք «ընտրյալ ժողովրդի» ներկայացուցիչ էին (դա քաղաքական առաջընթացի համար անհրաժեշտ գործոն էր):
    Առաջին նախագահը (ՀՀ-1991) նույնպես համապատասխանում էր այդ «պարամետրերին»:

    ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն եւ նրա «շեֆ»-ը չէին կարող լինել Ելցինին հակակարծիք՝ «դուխով» չէին ու պետություն կառավարելու փորձ չունեին (ինչպես եւ
    այսօրվա «դուխով տղուքը»):
    ՀՀՇ-ի «թավշյա հեղաշրջում», ղարաբաղյան «լճացում»: Հիմա էլ «թավշյա հեղափոխության» մղձավանջ:

    Ահա կորած 28 տարին:

  2. Լավատես says:

    Ժամանակին որոշ քոչվոր ցեղեր անասնապահությամբ էին զբաղվում՝ էդ անասուններին լավ կերակրում չաղացնում էին կանաչ խոտով, հետո էդ անասուններն իրենք էին դառնում կերակուր քոչվորների համար, հետո քոչվորները այլասերվեցին ու որոշեցին ոչ թե չորքոտանի անասուն պահեն, այլ երկոտանի անասուն, բայց դրա համար մարդուց պետք է անասուն դարձնեին ու այն երկոտանիները, որոնք կանաչ փողի կամ էլ չաղ պաշտոնի կամ էլ հոգու փրկության համար անասուն կամ հոտ էին դառնում, հենց այդ երկոտանի անասուններն են մղձավանջի պատճառը դառնում: Պետությունը, կառավարությունը պետք է զբաղվի ժողովրդի դաստիարակությամբ, որ ցանկացած հայի համար այլասերված քոչվորը անասուն ընկալվի եւ անասունի ձեռքից ոչինչ չվերցնի՝ ինչ արժեք էլ այն առաջարկի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031