Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է:
Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք
սպասարկում են 97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման
ծավալը տարեկան միջինում կազմում է 290 մլն.խ.մ:
Դեռևս ձմեռվանից, ելնելով եղանակային պայմաններից, ակնհայտ էր, որ տարին
ջրասակավ է լինելու և ոռոգման համակարգը պետք է գործի մեծ լարվածության
պայմաններում: Իսկ վերջին օրերի շոգ եղանակն այս տարածաշրջանում ավելի է
մեծացրել ջրի պահանջարկը, ստիպելով նախատեսվածից շատ ջուր օգտագործել:
Ոռոգման ջրի պատշաճ մատակարարման, արդար բաշխման, նորմատիվների, ինչպես
նաև վարձավճարների գանձման խնդիրներն ու համակարգում իրականացվող
աշխատանքները տեղում քննարկելու համար այսօր Արմավիրի մարզ են մեկնել
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ՋՕԸ-ների աջակցող խմբի
համակարգող Կարեն Դադոյանը:
Կոմիտեի նախագահը մարզում խորհրդակցություն է հրավիրել «Էջմիածին»,
«Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների գործադիր տնօրենների, «Ջրառ»
կազմակերպության, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տիկին
Գաբայանը լսել է ընկերությունների ղեկավարներին, կիսել նրանց
մտահոգությունները սակավաջրության հետ կապված, բայց և վստահեցրել, որ
ունեցած ջուրն առավելագույն արդարությամբ, օպտիմալ տարբերակներով
բաշխելու դեպքում բոլոր ջրօգտագործողները հավասարաչափ կկարողանան օգտվել
ջրից, էական վնասներ չեն կրի ու կկարողանան ավելի պարտաճանաչ վճարել
օգտագործած ջրի դիմաց:
Պատկերը մտահոգիչ էր նաև գանձումների մակարդակով. շուրջ 30 տոկոսի
նվազում է արձանագրվել, որի հետևանքներն առաջին հերթին զգալի կլինեն
հենց համակարգում: Դրանք կանխելու համար կոմիտեի ղեկավարն առաջարկում է
ջրօգտագործողներին իրազեկել, պարզաբանել, հողի մշակին հաշվետու լինել,
թե ինչ նպատակներով են ծախսվում նրանց վճարած գումարները և արդարության
սկզբունքի պահպանման դեպքում վստահ լինել, որ ավելի պարտաճանաչ
վճարումներ կկատարվեն, իսկ այդ գումարները կուղղվեն նաև համակարգի
պահպանությանն ու մնացած ծախսերին:
Ինեսսա Գաբայանը խոսել է ՋՕԸ-ների մասին, որոնց աշխատաոճի փոփոխությունը
հրատապ պահանջ է առաջին հերթին՝ ինքնակառավարման տեսանկյունից:
«Ջրօգտագործողների ընկերությունները ժամանակին ստեղծվել են՝ հենց
ջրօգտագործողին մասնակցային կառավարման հնարավորություն տալու համար:
Դա շատ կարևոր է և պետք է լիարժեք իրացվի, որպեսզի մեր ջրօգտագործողները
տեղյակ ու մասնակից լինեն իրենց ընկերության ամբողջ գործունեությանը:
Մենք այս ուղղությամբ էլ լրջագույն անելիքներ ունենք»,- ասել է կոմիտեի
նախագահը:
Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են նաև կարկտահարությունից,
/ցրտահարությունից/ տուժած տնտեսություններին փոխհատուցում տալու խնդրին,
պարզաբանելով, որ նախկինում կառավարությունից այդ փոխհատուցումը
սուբսիդավորման տեսքով էր և վնասներ կրած գյուղացին կարողանում էր այդ
կերպ փակել մասնավորապես ոռոգման ջրի վարձը:
Կոմիտեի նախագահը խոստացավ խնդիրը քննարկել շահագրգիռ մյուս կառույցների
հետ, ներկայացնել նաև կառավարությանը:
«Արմավիրի մարզում լուրջ խնդիր կա նաև գերնորմատիվ հողերի հետ կապված.
այստեղ պետք է պետության հստակ քաղաքականությունը լինի. այդ տարածքներում
անիմաստ է ինտենսիվ ոռոգում պահանջող մշակաբույսեր աճեցնել, մյուս
կողմից դա կանխելու և գյուղացուն ճիշտ ուղղորդելու համար պետք է
անդադար աշխատանք համապատասխան կառույցների հետ միասին, որպեսզի անընդհատ
չբախվենք անիմաստ ջուր վատնելու խնդրին»,- տեսակետն է ներկայացրել
Ինեսսա Գաբայանը, շրջելով մի քանի համայնքների աղակալված հողատարածքներով:
Այցի հաջորդ կանգառը Զարթոնքի պոմպակայանն էր, որն իր ներուժից էապես
նվազ հզորությամբ է աշխատում Սևջուր գետի ցամաքելու պատճառով և չի
կարողանում լիարժեք ջուր հասցնել իր սպասարկման գոտու
ջրօգտագործողներին: Այցն ավարտվել է անհետաձգելի մի քանի
հանձնարարականներով:
Կոմիտեի նախագահը առաջիկա աշխատանքային օրերը հիմնականում կտրամադրի
մարզային այցերին՝ առկա խնդիրները տեղերում լիարժեք գույքագրելու,
իրականացվող ծրագրերին ծանոթանալու և անելիքները հստակեցնելու նպատակով:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի մամուլի ծառայություն