Լոռու մարզում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված են 69.302 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ: Անասունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 12.000-ով: Նվազում է նկատվել նաեւ մանր եղջերավոր կենդանիների շրջանում: 2017 թվականին մարզում հաշվառված են եղել 35.167 գլուխ մանր եղջերավոր անասուններ, այս տարի դրանց թիվը հասել է 25.435-ի: Այս մասին այսօր մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ համայնքներում անասնաբույժների բացակայության խնդրին: Նախորդ տարի ՏԻՄ օրենքում կատարված փոփոխությամբ՝հոկտեմբերի 11-ից համայնքապետերը անասնաբուժական ծառայությունը պետք է ապահովեին համայնքային անասնաբույժների միջոցով:
«Ես չեմ կարծում, որ մարդը մի անասունի համար տարվա ընթացքում 1.100 դրամ չի տա, որպեսզի ծառայություններ մատուցեն: Բացի այդ հիմա, որ անասունները ցրված են սարերում, եւ կան 10-15 յայլաներ, որ մարդիկ կաթ են մշակում, արտադրանք են տալիս: Ինչքանո՞վ ենք մենք տեղեկացված, այդ կովերն առողջ են, թե՞ ոչ, վակցինացիան արվել է, ի՞նչ չափով է արվել: Մենք պետք է սրան մատների արանքով չնայենք»,- հետաքրքրվեց մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Պետական պատվաստումներն ըստ իր ժամանակացույցի արվել են եւ արվում են: Հիմա միայն մի հատ պատվաստում կա, որը չի արվել, որովհետեւ գյուղնախարարությունը դեռեւս մրցույթ չի հայտարարել, ուշացում է տեղի ունեցել: Դրա համար Լոռու բերդի տարածաշրջանի Լեջան համայնքում 5 անասունի անկում է եղել»,- ասաց Գրիգոր Հակոբյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ այս պահին Լոռու մարզում ընդամենը 4 համայնքներում են անասնաբույժների հետ պայմանագիր կնքել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ