Գերատեսչությունը պատասխանել է Aravot.am-ի հարցմանը
Մայիսի 23- 25-ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին եւ 5-րդ քաղաքականության ֆորումին, սակայն վարչապետի որոշումը Արայիկ Հարությունյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերի մասին, եղել է հունիսի 15-ին:
Որոշման մեջ նշված է. «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 10-րդ նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:
Aravot.am-ը ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց՝ եթե որոշումը մեկ ամիս ուշ է հրապարակվել կամ տրվել, այդ դեպքում ո՞վ է Փարիզում վճարել ԿԳ նախարարի օրապահիկն ու հյուրանոցը:
Նաեւ հիշեցրինք, որ որոշման 2-րդ կետում էլ ասվում է. «Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»։ Հետեւաբար, խնդրեցինք պարզաբանել՝ նշյալ եռօրյա ժամկետը ո՞ր ամսաթվերին է վերաբերվում եւ արդյոք ներկայացվե՞լ է հաշվետվություն:
Aravot.am-ը ԿԳ նախարարությունից ստացվել է հետեւյալ պարզաբանումը. « ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումը պաշտոնում եղել է 2018 թվականի մայիսի 15-ին և հաշվի առնելով «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 10-րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին» երկրի արտաքին քաղաքականության տեսանկյունից մասնակցության կարևորությունը, նույն օրը՝ 15.05.2018թ. կատարվել է հարցում ՀՀ կառավարությունից՝ պարոն Ա. Հարությունյանի գործուղման թույլտվության համար: ՀՀ կառավարությունից թույլտվությունը ստացվել է 2018թ. մայիսի 18-ին (ուրբաթ)՝ գործուղման մասին որոշում ներկայացնելու հանձնարարականով, որում նշված վերջնաժամկետն էր 01.06.2018թ.:
ՀՀ ԿԳ նախարարությունը 21.05.2018թ. (երկուշաբթի) ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացրել գործուղման համար անհրաժեշտ ծախսերի մասին հարցումը և ստացել է համաձայնություն 2018 թվականի մայիսի 29-ին: ՀՀ ԿԳ նախարարությունը 2018թ. մայիսի 31-ին ՀՀ կառավարություն է ներկայացրել գործուղման ծախսերի մասին որոշման նախագիծը: 2018թ. հունիսի 19-ին ՀՀ ԿԳ նախարարությունը ստացել է ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 15-ի «Արայիկ Հարությունյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերի մասին» N779-Ա որոշումը: Համաձայն նշյալ որոշման 1-ին կետի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարվել են ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ 2-րդ կետի՝ 2018 թվականի հունիսի 22-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Միաժամանակ հայտնում եմ, որ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի հատուցումը իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2335-Ն որոշմամբ հաստատված կարգի: Համաձայն նշյալ կարգի 11-րդ կետի գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա: Փարիզում գտնվելու ընթացքում գիշերավարձի և օրապահիկի ծախսերն իրականացվել են սեփական միջոցներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բայց մեկը հարցնի թե ինչի՞ համար գնաց։Գնաց ու որևէ ելույթ էլ չունեցավ։
Հարցումին պատասխանը միայն վերջին նախադասութեան մէջ է ՝
«Փարիզում գտնվելու ընթացքում գիշերավարձի և օրապահիկի ծախսերն իրականացվել են սեփական միջոցներով» :
Սակայն բաւարար պատասխան չէ: Ի՞նչ է նշանակում «սեփական միջոցներով»…
Ինք իր անձնական ճեպի՞ց, զուտ ի՞ր փողերով վճարեց այդ նշանակալից ծախսերը… Հաւանական չէ: Սակայն թող յստակացնի որ այդ է ասում:
Այլապէս, «սեփական միջոցներով» աւելի շուտ նշանակում է թէ Պետութեան հետ կապ չունեցող մի անձ կամ մի քանի անձեր, կամ ել ոչ-հանրային կազմակերպութիւններ, նուիրատվութեամբ, ֆինանսաւորած են նախարարի մը ի պաշտօնէ ճամբորդութեան ծախսերի մի մասը:
Որո՞նք են այդ նուիրատուները…
Սա էր լրագրողի հարցումը:
Յաջորդ հարցում՝ ի՞նչ է բացատրութիւնը այդ առատաձեռնութեան:
Ինչ որ չեմ հիշում, որ առաջներում այսքան հետաքրքրություն լիներ,թե որ նախարարը ու՞ր գնաց, ինչ ելույթ ունեցավ, ու՞մ «ճեպից» վճարեցին գիշերակացը,սնունդը: Ամոթ է, չի կարելի ամեն տեղ քիթը խոթել: Թողեք մարդիկ աշխատեն:Հո մեն քայլի համար ձեզ հաշվետու չեն լինելու: Ոչ մի պատճառ չունեք մարդկանց չվստահելու: Ընդամենը երկու ամիս է անցել: