Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են նախորդ ընտրությունների տեսախցիկները

Հուլիս 16,2018 18:35

Ընտրատեղամասերում կա՞ տեսախցիկների առկայության անհրաժեշտություն. Այս հարցն այսօր բարձրաձայնեց ՀՀ վարչապետին կից «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների հարցով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը`արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ կառավարությունում կայացած քննարկման ժամանակ։

ԸՕ-ի քննարկում, հիշեցնենք, մինչ այդ եղել էր ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Դանիել Իոաննիսյանը կուսակցությունների ներկայացուցիչներին ներկայացրեց հանձնաժողովի մոտեցումները, խորհրդարանական կուսակցությունների հետ քննարկումների արդյունքները:

Ընտրատեղամասերում, տեսախցիկների առկայության մասով, Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ 2017 թվականի ընտրություններում տեսանկարահանում իրականացվել է 2000 ընտրատեղամասերից 1500-ում: Դրա համար 2.5 միլիոն եվրո։

Նա նկատեց, որ տեսանկարահանումը թանկ հաճույք է, եւ հետաքրքրվեց, թե արդյոք կուսակցությունները տեսնո՞ւմ են դրա անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ 2017-ի ընտրություններից առաջ, «4+4+4+4» ձեւաչափով քննարկումների ժամանակ հենց ընդդիմության պնդումն էր տեղամասերում տեսախցիկների տեղադրումը եւ գործընթացի ուղիղ հեռարձակումը: Այդ քննարկումներում, Դանիել Իոաննիսյանը ներկայացնում էր քաղհասարակությունը եւ կիսում էր ընդդիմության մոտեցումները:

Տեսախցիկներ պետք է տեղադրվեն բոլոր տեղամասերում. Այս կարծիքը պնդեց «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Կարինե Սարգսյանը: Նրա հետ համամիտ է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: Ասում է` եթե կա գումարի խնդիր, նախընտրելի է, որ տվյալների գրանցման միասնական սերվերը գործի։ Մի առաջարկ էլ ունի`տեսանկարահանումներն արխիցվացնել: Դա նախկինում չկար:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ հիմա ընտրություններն այլ քաղաքական իրավիճակում են կայանալու, ուստի նախկին բազմաթիվ արատավոր երեւույթներ մեխանիկորեն դուրս են գալու: «Այնուամենայնիվ, տեղերում, հատկապես՝ գյուղական համայնքներում, մենք այդ հնից ամբողջովին չենք ձերբազատվել, ու այն անձինք, որոնք իշխանություն էին, որոշ չափով մնացել են։ Հասկանալի է, որ ոստիկանությունը հիմա իրենց վերահսկողության տակ չի լինելու, բայց գյուղական վայրերում անձնական, բարեկամական ֆակտորը գործելու է։ Որ այդ տեղական կապերը չաշխատեն, դեռեւս տեսանկարահանումները պետք են»,- ասաց նա`հավելելով, որ ընտրությունների ընթացքում, եթե պարզվի, որ խնդիրներ չկան, տեսանկարահանումը կարելի է դադարեցնել:

Պարզվում է, նախորդ ընտրությունների տեսախցիկները բաժանվել են պետական կառավարման տարբեր հիմնարկների միջեւ ու դրանց մի մասը ծառայում է պետական հիմնարկների անվտանգության պահպանման համար: Սա էլ Դանիել Իոաննիսյանն ասաց`հավելելով, որ հիմնական խնդիրը ոչ թե տեսախցիկներն են, այլ դրանց տեղադրումը եւ աշխատեցնելը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031