«Ավագ դպրոցները չծառայեցին նպատակին․ չթեթևացավ դասանյութը, աշակերտները շարունակեցին դիմել կրկնուսույցի և քանի որ 21-րդ դարում աշակերտը նստում է դասարանում այնպես, ինչպես 19-րդ դարում, բնականաբար ձանձրանում է և արդեն սովորելուց հոգնած՝ դիմում ԲՈՒՀ»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Այսօր՝ հունիսի 16-ին, Sputnik միջազգային մուլտիմեդիային կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսն էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Բացի արտագաղթից և տասներկուամյա համակարգին անցնելուց հետո առաջացած խնդիրներից, վերջին տարիների թափուր տեղերի պատճառ է նաև այն, որ փոքր Հայաստանի համար համալսարանները իսկապես շատ են»։
Պարոն Խաչատրյանը նշեց, որ շուտով կվերանա նաև հեռակա ուսուցման համակարգը։
«Պետական ԲՈՒՀ-երը ճգնաժամի մեջ են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ընդամենը 10-15%, իսկ մնացած եկամուտը ուսանողի վճարած վարձի հաշվին է, դրա համար էլ ԲՈՒՀ-ը ձգտում է պահել նաև դուրս մնացած դիմորդներին»։
Փորձագետը հայտնում է, որ այս տարի ԵՊՀ-ի միակ ֆակուլտետը, որտեղ ընդունելությունը մրցութային է եղել, ինֆորմատիկայի ֆակուլտետն է․ պատճառը պարզ է, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի պահանջարկն է։
Միլենա Բարսեղյան