Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ այն ուսանողներն էին իրենց ծնողների հետ, ովքեր 2013-2014 ուսումնական տարում ընդունվել և մինչև 2016 թվականը սովորել են «Հայբուսակի» մասնաճյուղ համարվող Իջևանի քոլեջում: Այդ ուսանողները 3 տարի ուսանել են, իհարկե, դասընթացներն անցկացնելով տարբեր շենքերում, վճարել են 140000 դրամ ուսման վարձ, որպես ապագա բուժքույրեր պրակտիկա են անցել տարբեր բուժհաստատություններում: Ինչպես իրենց հայտնել է մասնաճյուղի տնօրեն Արմինե Հայրապետյանը, 2016 թվականի մայիսի 26-ին պիտի դիպլոմայինի պաշտպանություն լիներ, որից հետո ստանային դիպլոմներ: Սակայն մի քանի անգամ նշանակված օրը հետաձգելուց հետո, այն չի կայացել, և այդպես էլ ուսանողները մնացել են առանց դիպլոմի: 2016 թվականին խնդրի լուծման ակնկալիքով դիմել են ոստիկանություն, սակայն մինչ օրս որևէ որոշում չի կայացվել:
Նրանք խնդրում էին մարզպետի միջնորդությունը հարցի մեջ որոշակիություն մտցնելու նպատակով: Ըստ ուսանողների, կամ պիտի ստանան իրենց դիպլոմները, կամ ակադեմիական թերթիկ՝ այլ հաստատությունում ուսումն ավարտին հասցնելու համար կամ էլ՝ վերադարձվեն մուծված ուսման վճարները:
Մարզպետ Վահե Ղալումյանը լսեց բոլորին, մանրամասն քննարկեց նրանց կողմից բարձրացված հարցերը: Նա նշեց, որ հարցը մարզպետի գործառույթների տիրույթում չէ, հատկապես, որ արդեն գործ է հարուցված, և դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Միևնույն ժամանակ հայտնեց, որ առաջիկայում աշխատանքային այցով մարզում կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ում հետ իրավասության սահմաններում կքննարկեն խնդիրը և կտեղեկացնեն դիմողներին:
Տավուշի մարզպետարան