- Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները:
- Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ նորընտիր վարչապետը ազդարարեց բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի կոշտացման և Արցախի Հանրապետությանը լիարժեք բանակցային կողմ դարձնելու հրամայականի մասին:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունների ենթատեքստում դրված ուղերձը պարզ էր՝ բանակցությունները պետք է շարունակել գործող ձևաչափով:
- Մոգերինի-Փաշինյան հանդիպումից հետո ԵՄ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոչ էր արվում հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Շատ թափանցիկ ակնարկ էր:
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը մի կողմից կոչ էր անում “բովանդակային բանակցությունների”, մյուս կողմից վերահաստատում էր կարգավորման համար առաջարկվող 3 հիմնարար սկզբունքները:
- ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում հրապարակավ անդրադարձավ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի հանդիպումների արդյունքներին, շեշտադրելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, փաստացի հակադարձելով այսպես կոչված “բովանդակային բանակցությունների” թեզին:
Եվ այսպես, երկամսյա դիվանագիտական մանյովրներից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե վերադառնում է մինչև իշխանափոխություն եղած ելման կետին և հարց է ծագում, թե հայկական կողմը ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում:
Կարծում եմ, գործողությունների պլանը կարող է լինել հետևյալը՝
- Հայաստանը պետք է մշտապես շարունակի բարձրաձայնել, որ առանց Արցախի Հանրապետության ժողովրդի համաձայնության չի կարող լինել որևէ վերջնական լուծում:
- Բանակցությունների ընթացքում գերակա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:
- Պետք է վերադառնալ դիվանագիտական ճնշումներին Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Առանց վստահության վերականգնման և միջադեպերի կանխման և հետաքննության գործուն քայլերի և մեխանիզմների ոչ մի քաղաքական կարգավորման մասին խոսք լինել չի կարող:
- Պետք է թարմացվել դեռևս ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականը Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխգործակցության համաձայնագրի մասով:
- Պետք է ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ