Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ. հարձակումները Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի եւ ընդհանրապես եկեղեցու դեմ կրում են բացահայտ հակաօրինական բնույթ

Հուլիս 16,2018 17:26

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

«Սահմանադրական Իրավունք Միությունը» խորապես անհանգստացած է եւ խստորեն դատապարտում է վերջին շրջանում տեղի ունեցող հարձակումները Հայոց Վեհափառի դեմ, համարելով դրանք հարվածներ Հայ Առաքելական Եկեղեցուն: Մենք չենք քննարկում անձերի խնդիրը, քանի որ թիրախավորում է եկեղեցական ամբողջ ինստիտուտը: ՍԻՄ կուսակցությունը այս ընթացքը դիտում է որպես ազգակործան նպատակներ ունեցող գործողություններ, որոնց վերջնական նպատակն է զրկել հայ ժողովրդին իր հոգեւոր եւ ոգեղեն ինքնիշխանությունից, որը մեր ժողովուրդը պահպանել է հազարամյակներ շարունակ: Սա նաեւ ընկալում ենք որպես նպատակաուղղված հարված հայ ժողովրդի արժեքների համակարգին, այդ թվում` հեռակա ստոր նպատակներով, որոնց մեջ է հայ ավանդական ընտանիքի ոչնչացումը: Սա նաեւ հարված է աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին, որի ապահովման հիմնական ինստիտուտներից մեկն է Հայ առաքելական եկեղեցին:

Պետք է փաստել, որ հարձակումները Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի եւ ընդհանրապես եկեղեցու դեմ կրում են բացահայտ հակաօրինական բնույթ, խախտվում են ՀՀ սահմանադրությունը եւ օրենսդրությունը: Սակայն հակաօրինական գործողությունները չնայած բազմաթիվ դիմումների, իշխանությունների կողմից ոչ միայն չեն կանխվում, այլ խրախուսվում են: Սա վկայում է այն մասին, որ նման լկտի եւ սրբապիղծ գործողությունները ստվերային կերպով, իսկ երբեմն նաեւ բացահայտ աջակցվում են իշխանությունների կողմից: Պետք է ցավով փաստել, որ Հայ առաքելական եկեղեցին այդպիսի նվաստացուցիչ եւ խոցելի վիճակում է այսօր աշխարհի միայն երկու երկրներում` Հայաստանում եւ Թուրքիայում:

ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է` մենք ամբողջությամբ եւ վճռականորեն սատարում ենք Հայ առաքելական եկեղեցուն:

ՍԻՄ կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հակաօրինական գործողությունները, չսատարել եւ չխրախուսել պառակտիչներին եւ աղանդավորներին:

ՍԻՄ-ը դիմում է հայ ժողովրդին կանգնել իր եկեղեցու եւ հետեւապես հոգեւոր եւ ոգեղեն անկախության պաշտպանությանը:

ՍԻՄ-ը կոչ է անում Հայ առաքելական եկեղեցուն տեղի չտալ սադրիչների գործողություններին, էլ ավելի ամուր կապ հաստատել հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կազմող իր հետեւորդների հետ եւ դիմագրավել ներկայիս դժվարությունները:

ՍԻՄ Նախագահ` Հայկ Բաբուխանյան

16 հուլիսի 2018թ.

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031