Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պայքարել կեղծ դիտորդների դեմ

Հուլիս 16,2018 17:15

Առաջիկա ընտրություններում իշխանությունները խնդիր են ունենալու վերահսկել, թե ովքե՞ր են դիտորդ դառնում, քանի որ նախկին ընտրական փորձը ցույց է տվել, որ դիտորդ են դառնում նաեւ անձինք, ովքեր դրա իրավունքը չունեն: Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց հետ կապված մտահոգություններն այսօր բարձրաձայնեց ՀՀ վարչապետին կից «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների հարցով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, կառավարությունում այսօր ԸՕ-ի շուրջ քննարկումներ էին կազմակերպվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Դանիել Իոննիսյանը միջանկյալ լուծում է առաջարկում` կազմակերպությունը ԿԸՀ ներկայացնի դիտորդների ցուցակ, որը կարող է փոփոխել մինչեւ ընտրություններից տասն օր առաջ: Ուշադրության կենտրոնում է, այսպես ասած, կեղծ դիտորդների խնդիրը: Դանիել Իոաննիսյանն ասում է, տվյալ դիտորդի կեղծ լինելը փաստարկված է դառնում ընտրությունների նախորդ օրը կամ ընտրություններից հետո, երբ զեկույց չի ներկայացվում: Ուստի, այս պարագայում, ըստ նրա, նախորդ ընտրություններով դատել եւ ինչ-որ տեսլական մշակելը անհնար է դառնում: Նաեւ, որեւէ դիտորդի փոխկապակցվածությունը որեւէ կազմակերպության հետ սուբյեկտիվ գնահատման հարց է։

«Նախորդ ընտրություններում մենք ունեցել ենք 28 հազար հավատարմագրված դիտորդ: Հաստատ 5000-ից քիչ էին իրապես դիտորդները: Ես վստահ եմ, շուրջ 20 հազար մարդ ուղղակի դիտորդի անվան տակ իր տեղամասում վստահված անձ էր, ինչը խնդրահարույց է. ամեն դեպքում ԸՕ-ն ենթադրում է, որ կուսակցության ներկայացուցիչները մեկ ընտրատեղամասում պետք է սահմանափակված լինեն։ Այնինչ, դիտորդական առաքելության քողի տակ բազմաթիվ կուսակցություններ շրջանցում էին այդ արգելքը»,- մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը:

«Blockchain» ընկերության հայաստանյան ասոցիացիայի ներկայացուցիչ Աշոտ Խուդգարյանը հարցին լուծում առաջարկեց`բարձր տեխնոլոգիաների միջոցով. «Մարդկանց գրանցում անել նախօրոք, նրանց տրամադրել ունիկալ QR կոդ, որը կարող է սկանավորել ցանկացած մարդուն, այն տպել բեյջի վրա եւ մի սկանով իմանալ՝ ով է, որտեղ է գրանցված, նկարը տեսնել եւ այլն»։ Նա վստահեցնում է, այդ տարբերակը շատ ռեսուրս եւ ժամանակ չի պահանջում: Իրենց նույնիսկ արտահերթ ընտրությունների սուղ ժամկետները չեն կաշկանդում: Ժամկետների հստակության դեպքում, արագ լուծումներ կտան հարցին:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն էլ առաջարկեց` դիտորդների վարքագծի ամբողջ պատասխանատվությունը դնել հավատարմագրող կազմակերպությունների վրա եւ պատասխանատվություն սահմանել: Դա ենթադրում է զեկույցների պարտադիր ներկայացում: Դանիել Իոաննիսյանն էլ հակադարձեց`այդ դեպքում, նաեւ պետք է պատասխանատվություն սահմանել զեկույց չներկայացնելու համար: Նաեւ` զեկույցի համար չափանիշներ պետք է սահմանվեն, որպեսզի 1-2 նախադասությամբ զեկույցներ չլինեն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031