Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասվախառն բացականչություններ․ գրկախառնություն․ Շիրակի դատարանից ազատ արձակվեց Արարատ Խանդոյանը

Հուլիս 16,2018 17:00

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ քննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից «Միայնակ Գայլի» եղբորը՝ Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել․ նա մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրերին, ավելի կոնկրետ հուլիսի 20-ին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Արթիկ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Ռուբիկ Նահապետյանը ընթերցեց քրեակատարողական հիմնարկի բնութագիրը Արարատ Խանդոյանի մասին։ Նա նշեց, որ վերջինիս՝ պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը բնութագրվում է դրական։ Արարատ Խանդոյանը չորս անգամ է տույժի ենթարկվել՝ արգելված իր պահելու և աշխատանքային բնականոն ընթացքը խոչընդոտելու համար։ «Ելնելով առողջական վիճակից՝ պատժի կրման ընթացքում չի աշխատել, միջոցառումների չի մասնակցել»,- ասաց Ռուբիկ Նահապետյանը։

Չթույլատրված առարկա պահելու պատճառով տույժի ենթարկվելու հետ կապված Արարատ Խանդոյանն ասաց, որ ինքը եղել է ապօրինի կալանքի տակ, հետևաբար այն, ինչ հայտարարվում է, թե անթույլատրելի էր պահելը, չի ընդունում։ Նա ասաց, որ չի ընդունում նախկին իշխանություններին, վերջիններս ոչ լեգիտիմ էին։

Դատախազ Կիրակոսյանը ևս կողմ էր Արարատ Խանդոյանի վաղաժամկետ ազատ արձակմանը։

Արարատ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ իր պաշտպանյալը նախկին իշխանությունների կողմից ենթարկվել է քաղաքական հետապնդման, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պարբերաբար խոշտանգումների է ենթարկվել, նա ձեռնափայտով չէր, այժմ քայլում է ձեռնափայտով։ Ըստ փաստաբանի, նա առողջական խնդիրներ ձեռք է բերել նաև պատժի կրման ընթացքում, ուստիև նրա առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ է, որ ազատության մեջ գտնվի։

Դատարանը բավարարեց Արարատ Խանդոյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը․ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Հարազատները, ընկերները արտասվում էին, բացականչում, գրկախառնվում։ Արարատ Խանդոյանը լրագրողների հետ զրույցում, ասաց․ « Ես՝ որպես նախկին իշխանությունների կամայականությունների արդյունքում գերի ընկած անձնավորություն՝ ճիշտն ասած այսօր չէի էլ հավատում, բայց ունենք այն, ինչ ունենք»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031