Սուրեն Երիցփոխյանն այն տասը ուսանողներից է, որոնք կմասնագիտանան «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում, ընդ որում՝ անվճար: Երիտասարդը մեծ սպասումներով է դիմել ծրագրին ու ընտրվել որպես տասը լավագույններից մեկը: Ասում է, որ վերջապես գործնական գիտելիքներ ստանալու հեռանկար ունի. «Հայաստանյան կրթական համակարգում հեշտ չէ գործնական գիտելիքներ ձեռք բերելը: Շատ ոգեշնչված եմ»: Սուրենը եւ մյուս լավագույն ուսանողները, կրթաթոշակի հավաստագրերը ստացան օրերս՝ ԵՊՀ «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում»:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը (2017-2019 և 2018-2020թթ. շրջափուլեր) կյանքի է կոչվել Philip Morris International-ի աջակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի հետ համատեղ: Կրթաթոշակների շնորհիվ ուսանողները կշարունակեն ուսումնասիրությունները՝ կատարելով մեծածավալ տվյալների վերլուծություն եւ տվյալների կառավարում՝ օգտագործելով Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տրամադրելիք ռեսուրսները։ Ինչպես Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն է նշում, ուսանողները հետագայում կհամալրեն հետազոտողների շարքերը. «Դա կնպաստի մրցունակ տնտեսություն կառուցելուն»:
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման ու իննովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը վստահեցնում է, որ Ֆիլիպ Մորրիս Արմենիան հավատում է Հայաստանի գիտատեխնոլոգիական ապագային, ուստի ցանկանում է ներդրում ունենալ այդ գործում. «Մենք ոչ միայն փոխհատուցում ենք ուսանողների կրթավճարը, այլեւ նրանց մրցելու՝ կատարելագործվելու հնարավորություն տալիս»:
Ի դեպ, Ֆիլիպ Մորրիսը տվյալագիտության ոլորտում հետազոտական աշխատանք է կատարում իր գիտական կենտրոնի միջոցով: «Ի դեմս այդ կենտրոնի՝ ցանկանում ենք շեշտել, որ գիտությամբ զբաղվող մարդիկ կարեւոր են մեզ համար: Ներկայում մշակվում է այդ գիտական շղթան՝ մագիստրոսական ծրագրեր, ասպիրանտական ծրագրեր, գիտահետազոտական նախագծեր։ Չափազանց հպարտ ենք, որ այս կերպ կարող ենք ներդրում ունենալ Հայաստանի գիտական զարգացման մեջ»,-ասում է Ֆիլիպ Մորրիս Արմենիաի գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան:
Ֆիլիպ Մորրիս Ինթրնեյշնլի ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին էլ շեշտում է, որ տվյալագիտությունն ընկերության համար հետաքրքրական ոլորտներից է. «Երբ դեռ ուսումնասիրում էինք Հայաստանը, նկատեցինք մեծ ներուժ՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, նյութագիտության, վիճակագրության ու տվյալագիտության բնագավառներում։ ԵՊՀ-ն մշակում էր տվյալագիտության ոլորտում նորարարական ծրագիր, և, քանի որ դա մեր հետաքրքրությունների շրջանակում էր, որոշեցինք աջակցել այս կրթական ծրագրին»:
Թեեւ Ֆիլիպ Մորրիս Ինթրնեյշնլը միջազգային առաջատար ծխախոտային ընկերություն է, ծխախոտի արտադրությանը վերաբերող որևիցե կրթական բաղադրիչ տվյալագիտության մագիստրոսական ծրագրում չկա։ Ֆիլիպ Մորրիս Ինթրնեյշնլի Կովկասի եւ Մոլդովայի գլխավոր կառավարիչ Խուան Կարլոս Էսկոբարն ընդգծում է՝ այն կրթական ծրագրերը, որոնց Ֆիլիպ Մորրիսը աջակցում է ու կաջակցի, գիտատեխնոլոգիական լայն շրջանակ են ընդգրկում՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա. «Սրանք այն ոլորտներն են, որտեղ Հայաստանը պատմականորեն մրցակցային առավելություն ունի։ Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում գիտության առաջընթացով։ Ուզում ենք, որ այս երկիրը շարունակի գիտական հետազոտությունների ու տեխնոլոգիական զարգացման ճանապարհը»:
Ցանկացողները կարող են դիմել մագիստրոսական ծրագրին՝http://istc.am/en/the-master-in-data-science-for-business/ մինչև օգոստոսի 24-ը։
Հավելենք, որ Ֆիլիպ Մորրիս Արմենիան 2017 թվականին կնքել է փոխըմբռնման հուշագրեր՝ ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ: