Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լողափնյա հանգիստը համատեղվեց թաեքվոնդոյի առաջնությամբ

Հուլիս 16,2018 16:17

Ակտիվ հանգստի կազմակերպման, թաեքվոնդո մարզաձևի մասսայականացման նպատակով Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրինությունը և թաեքվոնդոյի մարզիչ Խաչիկ Թորոսյանը նախօրեին հեղինակել էին իր տեսակի մեջ եզակի մարզական միջոցառում:

«Գեղամա ծով» խորագրով օլիմպիական թաեքվոնդոյի լողափնյա առաջնության մասնակից էին դարձել Երևան, Սևան, Էջմիածին, Հրազդան, Նոյեմբերյան, Ապարան քաղաքների և Ծովազարդ գյուղի թաեքվոնդոիստները, որոնք ներկայանում էին 10 թիմով:

Առաջնության կազմակերպիչ, թաեքվոնդոյի մարզիչ Խաչիկ Թորոսյանի փոխանցմամբ` նման առաջնություն անցկացնելու գաղափարը վաղուց կար: «Հետաքրքիր էր այս մարզաձևը տեղափոխել լողափնյա տարածք, այն դարձնել առավել մասսայական, ստեղծել ստանդարտներից դուրս միջավայր, որը կնպաստեր հանգստյան օրն առավել հիշարժան դարձնելուն, միաժամանակ կնպաստեր մարդկանց հոսքին»,- ասում է պարոն Թորոսյանը:

Առաջնությունն անցկացվեց Երևանի առագաստային ակումբի` Սևանի ափին գտնվող վինդսերֆինգի կենտրոնում:

Առաջնության մասնակիցները ներկայացան 3 տարիքային խմբով` 2001-2003թթ., 2004-2006թթ. և 2007-2008թթ. ծնվածներ:

Մրցավարական կազմը ներկայացնում էին թաեքվոնդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Մրցումները գնահատվում էին սենսորային համակարգով` բացառելով մարդկային գործոնը:

Չնայած օրվա ոչ բարենպաստ եղանակային պայմաններին` առաջնությունը ոչ միայն կայացավ, այլ նաև իր շուրջը համախմբեց բազմաթիվ երկրպագուների, հովեկների և զբոսաշրջիկների:

Մարզիչ Թորոսյանը բավարարված է արդյունքներից և վստահեցնում է, որ այս առաջնությունը լինելու է ամենամյա` ընդգրկելով ավելի մեծ աշխարհագրություն:

Այսպիսի առաջնությունները լավագույն միջոց են նաև զբոսաշրջության խթանման, ներքին տուրիզմի զարգացման համար: Ինչպես նշեց Խաչիկ Թորոսյանը, առաջնության մասնակիցներից, ինչպես նաև հանդիսատեսներից ոմանք առաջին անգամ էին այցելում Սևանա լիճ, հյուրերն էլ ժամանել էին ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից այլ նաև Ռուսաստանի Դաշնությունից:

Այսպիսի առաջնությունները պետք է դառնան լավագույն առիթ ավելի մեծ թվով մարդիկ Սևան բերելու համար:

Խորհրդանշական է, որ մրցանակների հանձնման արարողակարգն էլ տեղի ունեցավ Սևան քաղաքում` Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

Թաեքվոնդոյի առաջնության կազմակերպիչ Թորոսյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց Երևանի Առագաստային ակումբի նախագահ Մհեր Թովմասյանին և բոլոր աջակիցներին այս գաղափարին թև տալու և կյանքի կոչելու համար:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031