Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ խմբակցությունն իր՝ քաղաքապետի թեկնածուի առաջադրման մասին դիմումը քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել հուլիսի 12-ին, երբ որոշվել է, որ ավագանու արտահերթ նիստ պետք է լինի:
Սակայն, Փոստանջյանը նաեւ նշեց, որ օրենքը ընթացակարգը չի կարգավորում, թե հետագայում ինչ պետք է լինի, եթե նիստում քվորում չի ապահովվում:
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը թերի է: Քաղաքապետարանը, ըստ Խաժակյանի, Փոստանջյանի՝ քաղաքապետի թեկնածուի առաջադրումը պետք է լինի ավագանու նիստում, իսկ այսօր նիստը չի կայացել, «Ելք»-ն ու ՀՀԿ-ն նիստին չեն ներկայացել: Փաստացի ասում են, որ սա դեռեւս առաջադրում չէ, այսինքն՝ այդ առաջադրումը առոչինչ է: Ես ունեմ անհամաձայնություն սրա հետ, որովհետեւ օրենքում չի սահմանվում, թե՝ ի՞նչ տեսքով պիտի լինի առաջադրումը: Ասենք թե սա առաջադրում չէ ու գործում է օրենքում սահմանված 2 շաբաթը: Ես ինչպե՞ս կարող եմ առաջադրել իմ թեկնածությունը, ի՞նչ տարբերակով: Եթե քաղաքապետարանի այդ պնդմանը հետեւենք, ըստ որի,նիստում պետք է լինի առաջադրումը, ապա պետք է նորից նիստ լինի: Իսկ օրենքը նիստ չի պարտադրում, նիստ գումարելու հիմք չկա: Օրենքը չի ասում երկու շաբաթվա մեջ նիստ պետք է լինի: Այս 2 շաբաթ ժամկետը ֆիկտիվ է»:
Մեր հարցին՝ արտահերթ նիստ գումարելու դրույթ չկա՞, պարոն Խաժակյանը պատասխանեց. «Քաղաքապետարանն ասում է՝ սա օրենքի ուժով նիստ է, արտահերթ չէ: Ենթադրենք, Փոստանջյանինը առաջադրում չէր, հիմա ինչպես պետք է լինի ընթացակարգը: Օրենքը տարընթերցման տեղիք է տալիս»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ