Հետհեղափոխական Հայաստանում «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի շուրջ երկու տարի առաջ ծավալված աղմուկը նոր դրսեւորումներ է ստանում: Հիշեցնենք, երկու տարի առաջ ընկերությունը հայտնվեց սնանկացման եզրին, հետո ներդրողներ հայտնվեցին, կառավարությունն էլ որոշակի միջամտություն ունեցավ, այսպես ասած կողմերը «լեզու գտան» եւ ընկերության գործարկումը շարունակելու հնարավորություն տրվեց: Սակայն, օրերս, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը մամուլում հայտարարեց, որ գործարանը «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից, որի ղեկավարները, Ափոյանի պնդմամբ, բարձրաստիճան այրեր են:
Aravot.am-ի հետ զրույցում ամերիկյան Adra Remara Enterprises Inc ընկերության ներկայացուցիչ Արտակ Ասատրյանը նախ ներկայացրեց «Պարգեւ» ՍՊԸ-ի հիմնադրման մանրամասները`բացառելով տարբեր բարձրաստիճան այրերի հետ որեւէ կապը: Ըստ այդմ, ՍՊԸ-ի հիմնադիրն է «Ադրա Ռեմարա» ընկերությունը, որի սեփականատերն իր եղբայր Արա Ասատրյանն է: Ընկերությունը ավելի քան 15 տարի է գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, իսկ 2006-ից սկսել է արտահանումներ կատարել դեպի Հայաստան: «Ունեցել ենք տարբեր կազմակերպություններ, եղել ենք ՀՀ խոշոր հարկատուներից մեկը: Ժամանակի ընթացքում ստեղծել ենք սառնարանային մեծ կոմպլեքս՝ 4 հազար տոննա տարողությամբ: Եղբայրս, Արա Ասատրյանը, միշտ ձգտում է ունեցել օգնել Արցախին, դրա համար հիմնել է «Պարգեւ» ՍՊԸ-ն, որն էլ 2011-ի ն Հադրութում հիմնել է պահածոների գործարան»:
«Աշտարակ կաթ»-ի եւ «Պարգեւի» համագործակցությունը սկսվել է 2010-11ին`ընկերությունների ղեկավարների ծանոթությամբ: Արտակ Ասատրյանը պատմում է, որ Աշոտ Ափոյանն ինքն է հետաքրքրվել, թե ինչով ամերիկյան ընկերությունը կարող է իրենց օգտակար լինել: Քննարկումների արդյունքում եկել են համաձայնության, որ ամերիկյան ընկերությունն «Աշտարակ կաթ»-ին կմատակարարի կարագ, կաթի փոշի, իտալական կոկոսի յուղ եւ այլն: Ըստ մեր զրուցակցի, Ափոյանը խնդրել է, որ համագործակցեն վարկով՝ 500-600 հազար դոլարի սահմաններում (ապրանքի տեսքով), ասելով, որ իրենք այդ տարբերակով են աշխատում բոլոր մատակարարների հետ: «Այդ ապրանքները ներմուծվում էին ԱՄՆ-ից, ուստի, ես հարցը համաձայնեցրեցի «Ադրա Ռեմարա» ընկերության հետ: Փորձնական սկսելու համաձայնությունը ստացա`գրավի պայմանով, քանի որ խոսքը մեծ գումարի մասին է: Ափոյանն այդ պայմանից նեղվեց, թե մեծ կազմակերպություն է, գումարի խնդիր չունենք: Ես նրան հավատացի: Սկսեցինք աշխատել: Սկզբնական շրջանում նա գումարը վճարում էր բավական անպարտաճանաչ ձեւով, ինչի արդյունքում պարտքը հասավ մինչեւ 2 մլն դոլարի: Ինչ-որ ժամանակ անց ես զգացի, որ նա դժվարանում է գումարի վճարման հարցում ու քանի որ դա լուրջ գումար է, իմ աշխատակիցներին հանձնարարեցի ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ի՞նչ վիճակում է «Աշտարակ կաթը»: Պարզվել է, որ ընկերության վիճակն այնքան էլ մխիթարական չէ: Արտակ Ասատրյանը մտահոգվել է, սկսել է այսպես ասած, սեփական հետաքննությունը եւ պարզել, որ Ափոյանը ռուսական «Prodinvest» ընկերությանը շուրջ կես միլիոն դոլար է պարտք եղել, քանի որ չի կարողացել այն մարել, մի քանի մատակարարներին վճարվելիք գումարը հավաքել եւ տվել է ռուսական ընկերությանը:
Արդյունքում, մեր զրուցակիցն ասում է, որ Ափոյանի առջեւ պայման է դրվել`պարտքը մաս-մաս մարելու: Զուգահեռաբար, նվազեցվել է նաեւ «Աշտարակ կաթի» մատակարարումների ծավալը: Հարցն այս տարբերակով էլ չի հանգուցալուծվել: Արտակ Ասատրյանը հանդիպել-զրուցել է Ափոյանի հետ, ասել, որ կամ իր պարտքը պետք է արագ մարվի, կամ էլ գրավ առաջարկի պարտքի դիմաց: Այս «բանակցությունները» տեւական ժամանակ են ընթացել, դրան զուգահեռաբար փոքր ծավալի մատակարարումներ են իրականացվել ընկերությանը: Արդյունքում Ափոյանն առաջարկել է պարտքի դիմաց գրավ դնել «Աշտարակ կաթ» ապրանքանիշը: Հակընդդեմ պահանջ է դրվել`վերահսկողություն իրականացնելու, ոչ թե գործարանի կամ իր գործունեության, այլ շուկայում առկա իրավիճակի նկատմամբ: «Այդ գործարքը եղավ իր խնդրանքով, թեեւ ես միշտ իրեն ասել եմ, որ ինձ իմ գումարն է պետք: Ինչ-որ ժամանակ անց ես հասկացա, որ «Աշտարակ կաթ» բրենդը լրիվ ապականվում է՝ խանութներում ապրանք չեն ընդունում, վերադարձը շատ է, ապրանքն էլ անորակ է: Նորից հանդիպեցինք Ափոյանի հետ, այդ ամենը ես իրեն ներկայացրեցի, նա արձագանքեց, թե հումքի հետ խնդիր ունի, ինչը բնական է, քանի որ բոլոր մատակարարներին նա պարտք էր»,- պատմում է մեր զրուցակիցը`հավելելով, որ 20 օր անց, երբ գումարը վերադարձնելու մասով կրկին խնդիր է առաջանում, Աշոտ Ափոյանն առաջարկում է որպեսզի Արտակ Ասատրյանն ինչ-որ ժամանակ աշխատեցնի գործարանը, վերականգնի «Աշտարակ կաթի» անունը: «Ես մտա այդ ռիսկի տակ, թեեւ իրեն էլ զգուշացրեցի, որ պետք է ներդրում արվի գործարանում, քանի որ հումք գրեթե չկար: Նա համաձայնվեց: Ես իմ չորս աշխատակիցների հետ եկա գործարան, որտեղ այդ պահին աշխատողները գործադուլ էին անում ու պահանջում 4 ամսվա աշխատավարձը, նաեւ գյուղացիներն էին պահանջում իրենց 160 մլն պարտքը»,- պատմում է մեր զրուցակիցը`հավելելով, որ աշխատակիցներին տեղեկացրել է, որ «Պարգեւ» ՍՊԸ-ն վերագործարկում է գործարանն ու այդ րոպեից սկսած իրենք կստանան իրենց աշխատանքի դիմաց յուրաքանչյուր լումա, իսկ պարտքի հետ իրենք գործ չունեն. «Պայմանավորվեցի նաեւ գյուղացիների հետ, որպեսզի կաթ մատակարարեն, իսկ ես կփակեմ այդ պարտքը»:
Այս ամենից հետո, ընկերություն «ռեյդերական զավթումով ներխուժումը» Արտակ Ասատրյանն անհիմն մեղադրանք է անվանում: Ասում է, ընկերություն մուտք գործելու օրն Ափոյանին զանգել եւ տեղեկացրել են, որ «Պարգեւ» ՍՊԸ-ից են եկել: Վերջինս ասել է, որ տեղյակ է, որից հետո գործարանի ղեկավար կազմը հեռացել է, ինչպես որ պայմանավորվել էին: Մեկ ամիս անց պարզվել է, որ գործարանում ներդրումներ են պահանջում: Այդ մասին մեր զրուցակիցը դարձյալ խոսել է Ափոյանի հետ: Ասում է`վերջինս դարձյալ սին խոստումներ տալով ժամանակ է կորզել:
Եվս մոտ մեկ ամիս անց, թուրքական մի ընկերություն, որը «Աշտարակ կաթին» պաստերիզացման համակարգ էր տվել, սկսում է ընկերության սնանկության գործընթաց `40 հազար դոլար պարտքի համար: Ափոյանին սա էլ չի անհանգստացրել: Նորից խոստումներ է տվել, թե մոտ օրերս պարտքերը կմարի: Բայց, օրեր անց, գալիս է սնանկության կառավարիչը եւ «Պարգեւ» ՍՊԸ-ի ղեկավարներին զգուշացնում, որ պետք է դուրս գան գործարանից, քանի որ գույքը պետք է վաճառվի` պարտքի մարման համար:
Ընթացքում սնանկության գործընթացին միանում են աշխատողները, նաեւ բանկը, որին Ափոյանը 10 մլն դոլար է պարտք եւ 300 մատակարարներ: Դատարանի համաձայնությամբ, սակայն, «Պարգեւ» ՍՊԸ-ին թույլատրում են աշխատել: Մեր զրուցակիցը պնդում է, որ մեծ դժվարությամբ են հաջողել պահել գործարանը. «1,5 տարի աշխատելու ընթացքում մենք «Աշտարակ կաթում» կատարել ենք 6 մլն դոլարի ներդրում: Միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում գյուղացիներից մթերել ենք 1 մլրդ դրամի կաթ: Այդ ընթացքում ոչ Աշոտ Ափոյանը, ոչ նրա որդին կամ իրենց կողմնակիցները չեն եկել, չեն հետաքրքրվել իրավիճակով: Միայն մի քանի անգամ Ափոյանը խնդրել է, որ ես գյուղացիներին փոխանցեմ, որ իր տուն չգնան ու փող չուզեն: Թող Աշոտ Ափոյանը կամ իր կողմնակիցները միջազգային աուդիտորական կազմակերպություն բերեն, գնահատեն մեր ներդրումները, մեր աշխատանքը, որի ընթացքում այս բիզնեսը 0-ից դարձել է իրենից ինչ-որ բան ներկայացնող բրենդ՝ 5 տոկոս շահութաբերությամբ. մեր գումարները տան, մենք էլ այստեղից դուրս գանք: Մեզ «Աշտարակ կաթը» պետք չէ: Եվ սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ինչ կատարվել է, Ափոյանը տեղյակ է եղել. ոչ ոք իրեն ոչ ստիպել է, ո՛չ էլ նեղել»:
Աշոտ Ափոյանը իր հարցազրույցում ասել էր, որ «Աշտարակ կաթ» բրենդն արժե 35 մլն դոլար: Արտակ Ասատրյանը հակադարձում է` եթե այդպես լիներ, ապա բանկերն ու միջազգային կազմակերպությունները, որոնք Ափոյանին գումար տրամադրելու խոսք էին տալիս, առանց մեկ րոպե վարանելու այդ գումարը կտային: Նա ավելորդ չի համարում նկատել` եթե այդ բրենդն արժե այդքան միլիոն դոլար, ի՞նչ էր 40 հազար դոլարը, որ Ափոյանը չկարողացավ վերադարձնել թուրքական ընկերությանն ու գործարանը կանգնեցրեց սնանկության վտանգի ու ընդմիշտ կորցնելու առջեւ:
Անդրադառնալով գործարանում իբր եղած մեծ քանակությամբ պահեստավորված ռոքֆոր պանրի պաշարներին էլ, մեր զրուցակիցը մանրամասնեց`դրանք Ճամբարակի պանրի գործարանի պահեստում են եղել: Գործարանը 57 մլն դրամով գնելուց հետո պարզվել է, որ այդ պանիրը ժամկետանց է, վնասակար է առողջության համար: Երբ խոսք է գնացել պանիրը ուտիլիզացնելու մասին, Ճամբարակի քաղաքապետը երկար ժամանակ երկմտել է տարածք տրամադրելու հարցում՝ վախենալով, որ վնասված պանիրը կվնասի նաեւ հողը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ