«Երեւանի ավագանին, օրենքով սահմանված կարգով, արձակվելու է»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքերով՝ «Երեւանի մասին» օրենքը մանրամասներ չի ներկայացնում, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ արձակումը.«Որովհետեւ օրենք գրողները երբեւէ չեն մտածել, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել, եւ քաղաքապետը կարող է հրաժարական տա: Բայց սա կարգավորվում է Երեւանի ՏԻՄ օրենքով եւ ընտրական օրենսգրքով, որտեղ ասվում է՝ ավագանին արձակվում է, եթե առաջադրում չի լինում 2 շաբաթ շարունակ, եթե թեկնածուն չի ընտրվում: Թեկնածուն այսօր չի ընտրվելու (քաղաքապետի միակ թեկնածուն ԵԾ-ից Զարուհի Փոստանջյանն է. Ն.Բ.): Հետեւաբար քաղաքի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել»:
Թեեւ օրենքը չի մանրամասնում, բայց ինչպես ասաց Խաժակյանը, իրենք լինելու են ավագանու ժամանակավոր պաշտոնակատար:
Ըստ Խաժակյանի, կառավարությունը, 2 շաբաթվա ընթացքում ավագանու արձակումից հետո նշանակելու է արտահերթ ընտրության օր, որը պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում. «Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, դա ընկնում է սեպտեմբերի առաջին կեսը»:
Ինչո՞ւ «Ելքը» քաղաքապետի թեկնածու չառաջադրեց. Դավիթ Խաժակյանը վստահեցրեց՝ «Մենք գտնում ենք, որ Երեւանի բնակիչները արտահերթ ընտրություններին տալով որեւէ ուժին ձայների մեծամասնությունը՝ պետք է որոշեն, թե ով է լինելու քաղաքապետը»:
Խաժակյանի ներկայացմամբ՝ 2017 թվականի ընտրությունները կեղծված էին, եւ ավագանու լուծարումը պահանջարկված էր երեք խմբակցությունների կողմից:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ արտահերթ ընտրություններին կհամագործակցեն «Երկիր Ծիրանիի» հետ, Խաժակյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես որեւէ բան այս պահին չեմ բացառում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Խաժակյանը վստահեցրեց՝ «Ելքը» քաղաքապետի թեկնածուի հարց դեռեւս չի քննարկել, իսկ իր՝ Խաժակյանի տարիքը չի համապատասխանում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար. «Ես, որպես խմբակցության ղեկավար, կցանկանայի, որպեսզի արտահերթ ընտրություններին մասնակցենք միասնական ցուցակով, այսինքն՝ դաշինքով»:
Փոստանջյանի թեկնածության մասին էլ Խաժակյանն ասաց.«Մեր թեկնածուն տիկին Փոստանջյանը երբեւէ չի լինի»:
ԲՀԿ-ն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, արդեն քաղաքական որոշում է կայացրել մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. «Կարծում եմ՝ դրանք կլինեն արտահերթ կարգով: Իսկ թե ով կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը, պարզ կլինի առաջիկա օրերին կայանալիք քննարկումներում»:
Մամուլի հրապարակումների համաձայն, ԲՀԿ-ի՝ քաղաքապետի թեկնածու կարող է լինել Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ի հետ մրցակցության պայմաններում ինչպիսին կլինի «Ելք»-դաշինքի կամ դրա առանձին կուսակցությունների հաղթանակն այս արտահերթ ընտրություններում, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան, Խաժակյանն ասաց.«Մենք գնում ենք քաղաքային իշխանությունը վերցնելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ