Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մասնակցեց «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումներին, որոնք մեկնարկեցին հուլիսի 7-ին Գորիսում:
Միջոցառումներն սկսվեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա քաղաքի մուտքն ազդարարող հուշարձանի բացմամբ:
2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի ընտրության ժամանակ հաշվի էր առնվել Գորիսի հարուստ պատմությունը, նրա ավանդույթները, հետաքրքիր ճարտարապետությունը:
Միջոցառումներին մասնակցում էին ԱՊՀ երկրներից ժամանած մոտ 150 հյուրեր՝ մտավորականներ, արվեստագետներ, պաշտոնյաներ, դեսպաններ ու դեսպանատների աշխատակիցներ, Գորիսում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Միջոցառումների հաջորդ կանգառը Սերո Խանզադյանի տուն- թանգարանն էր, որի առաջին հարկում սրճարան-գրախանութ բացվեց: Իսկ Քարահունջում կազմակերպվեց ամենամյա ավանդական թթի փառատոնը:
Երեկոյան Գորիսը հանդիսավորությամբ ընդունեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի տիտղոսը:
Տիտղոսի հանձնման արարողության ժամանակ իր ելույթով ներկաներին շնորհավորեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:
Ողջունելով ներկաներին՝ նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ՝ պատահական չէ, որ հենց Գորիսն է այս ծրագրով հայտարարվել մշակութային մայրաքաղաք. քաղաքն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, պաշտոնապես գրանցված ավելի քան 278 հուշարձան եւ այդ ամենը որպես տնտեսական-սոցիալական-մշակութային զարգացման ռեսուրս օգտագործելու հնարավորություն:
Այսօր սկիզբ առած միջոցառումներն ու հանդիպումները, համոզված եմ, նպաստելու են Գորիսի, ինչպես նաեւ Սյունիքի մարզի մշակութային, սոցիալական, տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:
Այս ամենով հանդերձ, սակայն, կարծում եմ՝ Գորիսի ամենակարեւոր հարստությունը միշտ եղել է ու կա գորիսեցին…
Շնորհավորում եմ բոլորիս այս տոնական առիթով եւ հուսով եմ, որ սա Գորիսի առաջընթացի համար նոր սկիզբ կդառնա»:
Հանդիսությանը գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը»:
Միջոցառումներով հագեցած էր նաեւ տոնակատարության հաջորդ օրը. հուլիսի 8-ին Գորիսի Անկախության հրապարակում «Հին եւ նոր Գորիս» գիրք-ալբոմի շնորհանդեսն էր, ԱՊՀ անդամ երկրների ազգային պարերի բացօթյա ֆլեշմոբը, «Սյունիք» պարային համույթի կատարումները:
Մինչ այդ քաղաքի հյուրերը եղան Ակսել Բակունցի տուն-թանգարանում, իսկ Անկախության փողոցում գորիսյան հյուրասիրությունն էր:
Սյունիքի մարզպետարան