Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։
Պետական նախարարն իր գոհունակությունն է հայտնել արցախյան ընկերություններին արտահանման հարցում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության առթիվ: Նա կարևորել է կառույցի հետ ԱՀ գործարար շրջանակների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման նպատակով։ Գ. Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել նաև պետական առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր։ Պետնախարարը ներկաներին առաջարկել է ուսումնասիրություններ սկսել շուկաների որոնման ուղղությամբ, որպեսզի իրացման հարցում հետագայում խոչընդոտներ չլինեն։
Արմեն Ավակ Ավակյանը պետնախարարին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտելով, որ այն ամբողջությամբ հասանելի է արցախյան ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ որոշ արցախյան ընկերություններ արդեն ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել այդ կազմակերպությունների համար։ Ա․ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել և խորացնել տեղի արտադրողների հետ համագործակցությունը։
Հանդիպմանը ներկա էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին