Օրերս Բրյուսելում կայացած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ շեշտելով, որ հանդիպումը ճանաչողական էր: Միաժամանակ, Բալայանի փոխանցմամբ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շփումները շարունակել:
«Կա ոչ պաշտոնական տեսակետ, թե Արցախյան հակամարտության բանակցություններում դադար է պետք, որովհետեւ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, բայց մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը չպետք է խոչընդոտ հանդիսանա բանակցությունների եւ խաղաղության հաստատման ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Մեր դիրքորոշումն այն է, որ կարեւորը Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցն է»,-հստակեցրեց Տիգրան Բալայանը:
Նրա փոխանցմամբ՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է նաեւ սահմանային իրավիճակը, մասնավորապես՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման անհրաժեշտության հարցը. «Խոսքը պայմանավորվածությունների կատարման մասին է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ավելացում, շփման գծում նրանց տեղակայում, հետաքննությունների մեխանիզմների ներդրում: Երկու տարուց ավելի՝ Ադրբեջանը խոչընդոտում է դրանց իրականացմանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ