Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն»

Հուլիս 16,2018 14:17

Մոնակոյում նախատեսված են Հայաստանի օրեր, որի շրջանակում կկայանա բարեգործական համերգ Օպերա դե Մոնտե Կառլոյում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին, նաեւ կլինի հայկական կոնյակների և գինիների համտես, հայկական լյուքս դասի ապրանքանիշների ցուցադրություն: Այս մասին հուլիսի 16-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO խորագրով միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Վրույր Փենեսյանը:

Նա պարզաբանեց, թե ինչու հենց այդ համերգասրահում. «1974 թ Արամ Խաչատրյանը հենց այդ համերգասրահում է առաջին անգամ հանդես եկել: Այժմյան համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: Համերգասրահի նախասրահում համերգից առաջ կկազմակերպվի Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցահանդես` միջազգային հեղինակությունների հետ: Համերգը բարեգործական բնույթ ունի»:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ հրաշալի հնարավորություն կլինի հոբելյանական տարում մեր մաեստրոյին ներկայացնել Մոնակոյում: Նա հիշեցրեց, որ ապրիլ ամսին եւս նման մի ցուցահանդես էլ եղել է Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը այս տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք է հռչակվել:

«Երբ 1973-ին Արամ Իլյիչը հյուրընկալվել էր Ֆրանսիայում` Ռոստրոպովիչի հետ, նրանք որոշել էին այցելել Մոնակո: Այդ այցը նախատեսված չէր, ու երկրի արքայազնը եւ իր տիկինը այդ պահին երկրում չէին, բայց երբ իմանում են, որ այդպիսի հյուրեր են ժամանել, ընդմիջում են իրենց այցը Լոնդոն, վերադառնում, որպեսզի հյուրընկալեն նման մեծանուն հյուրերի: Արքայազնը առաջարկել էր, որ Արամ Խաչատրյանը ոչ միայն փառատոնի մասնակցի, այլեւ ելույթ ունենա, նաեւ հատուկ փառատոնի համար մի գործ գրի: Եվ իսկապես, 1974 թ. Ռոստրոպովիչի հետ միասին Արամ Խաչատրյանը ելույթ ունեցավ հանրահայտ դահլիճում»,-պատմեց Արմինե Գրիգորյանը:

Հասմիկ Պապյանը նշեց, որ ուրախ է` Մոնտե Կառլոյի օպերային թատրոնում նման բացառիկ համերգի հնարավորության համար. «Այս օպերային թատրոնը Եվրոպայի թատրոնների եւ համերգասրահների մարգարիտներից մեկն է: Չեմ կարող երեւակայել, թե ինչպես է հաջողվել պարոն Փենեսյանին վարձակալել այդ թատրոնը նման միջոցառման համար»:

Օպերային երգչուհին հավելեց, որ սիրով է համաձայնել մասնակցել նախագծին, հավելեց, որ 2009-ին «Նորմա» է երգել նույն թատրոնում, այժմ ուրախ է, որ Հայաստանը ներկայանալու է բարձր մակարդակով եւ նշաձողով:

Փենեսյանի խոսքով, սա առաջին քայլն է Մոնակոյի հետ մշակութային եւ տնտեսական կապեր սկսելու նկատառումներով, եւ նման միջոցառումները ավանդական կդառնան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031