«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում Երեւանյան ամառ ծրագրի շրջանակներում անցկացվեց Դրիֆտ ավտոմոտոշոու, որը նվիրված էր Երեւանի 2800-ամյակին: Միջոցառմանը լրացուցիչ տոնական տեսք հաղորդեցին Սթրիթ վորքաութ ֆեդերացիայի հավաքականի անդամները, որոնց ուժային վարժություններն ու ցուցադրած հնարքները հատուկ սարքավորումների վրա արժանացան հանդիսականների ջերմ ընդունելությանը:
Միջոցառման կազմակերպիչ STR ակումբի նախագահ Արսեն Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն Աշոտ Աղաբաբյանին, որը սիրով ստադիոնի հարակից այս տարածքը անվճար տրամադրեց մեզ: Ցանկանում ենք համագործակցել տնօրինության հետ՝ մաքրել, ասֆալտապատել, բարեկարգել այս տարածքը, որը ավտոմոտո մրցումներ կազմակերպելու շատ հարմար վայր է: Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, սպրինտ սլալոմ մրցաձեւին մասնակցում էր մոտ 30 սիրողական վարորդ՝ Երեւանից, Արմավիրից, Վանաձորից, Արթիկից, Գյումրիից, որոնք մեքենա վարելու նրբություններին տիրապետելու լավ փորձ ձեռք բերեցին: Իսկ դրիֆտ մրցաձեւին մասնակցելու համար, որն ավելի բարդ է եւ մեքենա վարելու ավելի լուրջ փորձառություն է պահանջում, նկատի ունեմ կողասահք տարրը, գրանցվել էր տասը անձնակազմ: Նշեմ, որ այսօր խաղարկվող գավաթի առաջին փուլն է: Կայանալու է եւս երկու փուլ, որոնցից յուրաքանչյուրի ավարտին աչքի ընկածները կպարգեւատրվեն դիպլոմներով, իսկ տարվա վերջին կազմակերպելու ենք մրցաշրջանի մեծ գալա փակում, որտեղ կամփոփվեն տարվա ընթացքում անցկացված բոլոր միջոցառումների հանրագումարում հաղթող եւ մրցանակակիր դարձած անձնակազմերը»:
Հարցին, թե այստեղ մեծ արագություն զարգացնելը իր մեջ հետագայում վտանգներ չի պարունակում, Արսեն Մանուկյանը պատասխանեց. «Ես կասեի՝ հակառակը: Այստեղ ուրիշ աշխարհ է: Բոլորս էլ գիտենք, որ մեքենա ունեցողների մեծամասնությունը, հատկապես՝ երիտասարդները, առօրյա կյանքում հաճախ են գերազանցում արագությունը, խախտում երթեւեկության կանոնները: Մենք նրանց իրենց այդ պահանջը այստեղ բավարարելու, ադրենալինը հատուկ մրցուղում զգալու հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի հասկանան, թե փողոցը որն է, սպորտը՝ որը: Ու դա, կարծես, ստացվում է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ