Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ում կազմակերպվելիք առաջիկա ընտրություններին, Պյոտր Սվիտալսկի

Հուլիս 16,2018 13:22

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին վստահեցրեց՝ պատրաստ են աջակցել ՀՀ-ին առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պարոն դեսպանն այս առիթով շեշտեց. «Մեզ կրկին պետք է այն ուղերձը, թե ինչպես կարող ենք օգնել: Հայաստանին օգնելը, ֆինանսական աջակցություն տրամադրելը մեզ համար հեշտ բան չէ, մենք հասկանում ենք, որ ընտրությունները հեռվում չեն, ուստի ունենք աջակցելու լուրջ տրամադրվածություն, այդ թվում ֆինանսական աջակցության մասին է խոսքը, բայց պետք են հայկական կողմից կոնկրետ առաջարկներ»:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև շենգենյան վիզաների սահմանային կոդեքսի վերանայման հարցին: Պարոն Սվիտալսկին տեղեկացրեց՝ Եվրամիությունը քննարկում է շենգենյան վիզաների սահմանային կոդեքսի վերանայման հարցը: Նա պարզաբանեց. «Որոշում դեռևս կայացված չէ։ Կա առաջարկ, որի շուրջ էլ քննարկումներ են ծավալվում։ Առաջարկը պետք է ներդաշնակեցվի ԵՄ հանձնաժողովի դիրքորոշման հետ։ ԵՄ-ն ունի 6 ամիս՝ դիրքորոշումը արտահայտելու համար։ Սա արվում է այն պատճառով, որ կա ուժեղ միգրացիոն ճնշում, և կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ եվրոպացիները փորձում են պաշտպանել իրենց սահմանները, վերահսկել մարդկանց շարժը։ Հայաստանն օգտվում է վիզայի դյուրացման ռեժիմից, հետևաբար Հայաստանի մասով փոփոխություն չի լինի, չեն փոխվի նաև վճարումները»:

Լրագրողները, վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է ամեն վայրկյան սադրանքների գնալ, հետաքրքրվեցին՝ սա տարածաշրջանի ժողովրդավարությանը դեմ չի՞ լինի, պարոն դեսպանը պատասխանեց. «Մենք նման հայտարարություններին  շատ լուրջ ենք վերաբերվում: Պետք է ամեն ինչ արվի էսկալյացիան բացառելու համար: Այս առումով մենք անում ենք այն, ինչ կարող ենք. Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին ենք աջակցում: Մեզ տարածաշրջանում հատկապես ԼՂ հակամարտության համատեքստում նոր լարում պետք չէ: Կարծում եմ՝ ԵՄ-ի ղեկավարների հայտարարություններից սա հասկանալի է դառնում»:

Պյոտր Սվիտալսկիի տեղեկացմամբ՝ Եվրամիության կողմից Հայաստանին տրվող աջակցությունը մինչև 2020-ը կազմելու է 100-ից 160 մլն եվրո. սա որոշվել էր դեռևս մինչև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Դեսպանը հավելեց. «Այս գումարն արդեն իսկ ներառում է 25 տոկոս ավելացում: Բայց սա դեռևս այն ամենը չէ, ինչ Հայաստանը կարող է ստանալ ու իրացնել, կան նաև այլ ուղիներ, որոնք մենք օգտագործում ենք: Պետք է հետամուտ լինենք, որ այս գումարները հատկացվեն արժեքավոր ծրագրերի, այլապես գումարը հետ է ուղարկվում ԵՄ անդամ երկրներին, քանի որ ԵՄ-ն գումարներ չի գեներացնում, այլ գումարները ձևավորում են մեր հարկատուները և պարտավոր ենք հաշվետու լինել նրանց առաջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031