Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հասկանում ենք՝ նոր կառավարությանը ժամանակ է պետք. շատերը համակարգում նոր են, բայց մեզ կոնկրետ առաջարկներ են պետք». Պյոտր Սվիտալսկին՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դժգոհությունների առիթով

Հուլիս 16,2018 12:48

«Մենք ողջ թիմով հայկական կողմից կոնկրետ առաջարկներ ենք սպասում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին ուղղված այն քննադատություններին, թե ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, բայց ԵՄ-ի՝ ՀՀ-ին ուղղված քաղաքականությունը չի փոխվել:

Գնահատելով անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կայացած այցը՝ պարոն դեսպանը նշեց. «ԵՄ ղեկավարների հայտարարություններից պարզ դարձավ, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ում փոփոխությունները և պատրաստ է աջակցել բարեփոխումներին: ԵՄ ղեկավարության կողմից ՀՀ վարչապետին փոխանցվեցին ջերմ ու ընկերական ուղերձներ: ՀՀ վարչապետը ևս ուներ հնարավորություն իր ուղերձները փոխանցել: Մենք այստեղ ենք կառուցողական տրամադրվածությամբ հռչակագրային հայտարարությունները կոնկրետ գործողությունների վերածելու համար: Մեր պարտականությունն է հասկանալ, թե իրականության մեջ կոնկրետ ինչ գործողություններով, ինչպես կարող ենք աջակցել ՀՀ կառավարությանը»:

Այն հիշեցմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան այցից հետո բրիֆինգի ընթացքում հայտարարեց, որ իր համար տարակուսելի է, որ քաղաքականության փոփոխություն չի եղել, և ոգևորիչ տոնայնությամբ հայտարարությունները կամ պիտի փոխվեն կամ աջակցությունը ԵՄ-ի կողմից պետք է լինի համարժեք հեղափոխությունից հետո Հայաստանին, դեսպանն արձագանքեց ու շեշտեց, թե կոնկրետ գաղափարներ են սպասում հայկական կողմից. «Մենք շատ բաց ենք լսել ՀՀ կառավարության գաղափարներն ու սպասելիքները: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հարցնում ենք՝ ինչպե՞ս կարող ենք օգնել, ի՞նչ եք մեզնից սպասում: Առաջ գնալու համար մեզ կոնկրետ գաղափարներ են պետք: Հասկանում ենք, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք, քանի որ շատերը պետական համակարգում լրիվ նոր են, և ժամանակ է պետք նրանց հասկանալու, թե ինչ է պետք Հայաստանին: Ուստի, երբ կոնկրետ առաջարկություններ ունենանք սեղանին դրված, դա կքննարկենք»:

Դիտարկմանը՝ հակասության մեջ չե՞ն ՀՀ վարչապետի հայտարարությունները բրյուսելյան այցի ավարտին, թե ԵՄ-ի՝ ՀՀ-ին ուղղված քաղաքականության մեջ փոփոխություն չի տեսնում և ԵՄ ղեկավարների հայտարարությունները, որ պատրաստ են աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Մեր նպատակն է օգնել ՀՀ քաղաքացիներին, նորից եմ կրկնում, մենք սպասում ենք հայկական կողմից կոնկրետ գաղափարներ: ԵՄ-ն համակարգային կազմակերպություն է. բավականին դժվար է շատերին հասկանալ, թե մենք ինչպես ենք աշխատում: Այս շաբաթ մենք հատուկ սեմինար ենք կազմակերպելու ՀՀ պաշտոնյաների համար, որպեսզի օգնենք հասկանալ, թե ինչպես է ԵՄ-ն աշխատում»:

Դիտարկմանը՝ պարոն Սվիտալսկիի՝ ՀՀ կառավարության անդամների վերաբերյալ դիտարկումն արդյոք նշանակում է, որ նա թերահավատությո՞ւն հայտնեց ՀՀ կառավարության երիտասարդ կազմի վերաբերյալ, պարոն դեսպանը պարզաբանեց. «Կարող եմ ասել, որ ձեր նոր նախարարների հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո ստանում եմ էներգետիկա և լավատեսություն: Հասկանում եմ, որ նրանք մարդիկ են, որոնք միտված են փոփոխությունների: Որոշները փորձ չունեն, մինչդեռ պետական կառավարումը շատ բարդ գործ է: Երկու ամսվա աշխատանքի առումով կարող եմ ասել, որ նպատակադրված և էներգետիկայով են: Ես վատատես չեմ, մենք հավատում ենք, որ այս էներգիան լավ արդյունք կունենա: Ի վերջո, նրանք են ղեկավարում երկիրը, նրանք պետք է ընտրեն, թե ինչ փոփոխություններ կատարեն: Մենք կարող ենք օգնել, Եվրոպայի հաջողված փորձով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031