Հուլիսի 15-ին Տավուշի սահմանագոտուց քաղաքացի Կարեն Ղազարյանի կողմից Ադրբեջան անցնելու հանգամանքներն այս պահին մնում են չպարզված. հայկական կողմն աշխատում է նրա վերադարձի ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հոգեկան առողջության խնդիրների պատճառով նա չի զորակոչվել: Դա փաստաթղթավորված իրողություն է, որի մասին տեղյակ է Կարմիր Խաչը: Փորձում ենք այս պահին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի նա անվտանգ վերադարձվի ՀՀ»,-տեղեկացրեց Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ այս պահին այլ տվյալներ հաղորդել չի կարող:
Ինչ վերաբերում է փաստին, որ ադրբեջանական քարոզչամեքենան Կարեն Ղազարյանին ներկայացնում է որպես դիվերսանտի, Տիգրան Բալայանը մատնանշեց, որ նման քաղաքականությունը նորություն չէ, եւ Ադրբեջանը սահմանահատների հանդեպ միջազգային նորմերի եւ իրավունքների խախտումներ է թույլ տալիս. «Տարիներ առաջ, երբ ծերունին հատեց սահմանը, նրա հետ այնպես վարվեցին, որ կյանքից հեռացավ: Մեկ այլ դեպքում հովիվը մոլորվել էր մառախուղի պատճառով, եւ մահացավ ադրբեջանական բանտում»:
ԱԳՆ խոսնակն անդրադարձավ նաեւ Բելառուսի քաղաքացի, հայ բլոգեր Վլադիսլավ Մոսեսովի ահազանգերին առ այն, որ վերջերս Բելառուսի անձնագրով Ադրբեջան այցից հետո իր կյանքին վտանգ է սպառնում. «Մենք կապի մեջ ենք նրա հետ, քայլեր ենք ձեռնարկում՝ վտանգավորության աստիճանը գնահատելու եւ հնարավոր աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Բելառուսը պետք է որոշակի գործողություններ ձեռնարկի՝ նրա անվտանգությունն ապահովելու համար»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2081518035200034/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բելառուսը հաճույքով Մովսեսով կհանձնի ազրբայջանին։ Քաղաքական ապաստան տանք Հայաստանում։