Առաջիկա արտահերթ ընտրություններում, տեղամասային հանձնաժողովներում դիտորդների եւ լրագրողների թվի սահմանափակում չի լինի: Այդ մասին որոշում է ընդունել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը: Այսօր դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի որոշման մասին տեղեկացրեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Վերջին փոփոխություններով, հիշեցնենք, տեղամասային հանձնաժողովներին իրավունք էր տրված սահմանափակել դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվը, ինչը Դանիել Իոաննիսյանը հակասահմանադրական է համարում: «Դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռեւս պահպանվում է: Բայց լինելու են փոփոխություններ»,-ասաց նա`հավելելով, որ նախկինում բավական անհստակություններ կային: Օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում էր, որ դիտորդի հեռացման համար կազմվում է գրավոր իրավական ակտ: Այժմ այդ եւ մնացյալ բոլոր հարցերն ամրագրվելու են օրենսգրքով, որպեսզի նաեւ բողոքարկելու հնարավորություն լինի:
Բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ հարցերը հանձնաժողովը դեռ չի հասցրել քննարկել, բայց ըստ Դանիել Իոաննիսյանի, այս մասով էլ բավական փոփոխություններ են նախատեսված: Հանձնաժողովը որոշել է նաեւ կրճատել հավատարմագրման ժամկետները: Գործող 15 օրվա փոխարեն, ամենայն հավանականությամբ կսահմանվի 10-12 օր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ