Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայերը՝ ֆինանսների աշխարհում» համաժողով Լոնդոնում

Հուլիս 16,2018 12:30

Լոնդոնի Nortumberland Ave 8 էլիտար ժողովասրահում հուլիսի 14-ին տեղի կունենա «Հայերը՝ ֆինանսների աշխարհում» (Armenians in Finance – AIF) երկրորդ ֆորումը։ Միջոցառման հիմնական նպատակը հայազգի պրոֆեսիոնալ ֆինանսիստների համախմբված համայնքի ստեղծումն է: Ֆինանսիստների համախմբված հայ համայնքը ի զորու է բազմաթիվ խնդիրներ լուծելու: Ֆինանսական բնագավառում նորեկները կարիք ունեն ուսուցիչների, մինչդեռ ավագները փնտրում են նոր բիզնես գործընկերներ, ներդրողներ եւ ներդրումներ: Այս կարեւոր առաքելությունը դուրս է գալիս ստանդարտ համայնքի սահմաններից, եւ վերջին տարիներին ցանցը այնքան է ընդլայնվել, որ ընդգրկում է այլ ոլորտներում եւ ամբողջ աշխարհում աշխատող անդամների՝ կապելով մեզ միմյանց հետ եւ նրանց ընդհանուր հայկական արմատներին:

«Հայերը՝ ֆինանսների աշխարհում» առաջին համաժողովը տեղի ունեցավ 2017 թ. նոյեմբերին: Ավելի քան 150 հայ ֆինանսիստ ղեկավարներ հանդիպեցին Լոնդոնի «Բալգարի» հյուրանոցում: Երեկոն սկսվեց շամպայնով եւ նեթվորքինգով, այնուհետեւ տեղի ունեցան մի շարք զեկույցներ ՀԲԸՄ-ի եւ Հայաստանում RVVZ հիմնադրամի բարեգործական աշխատանքների մասին: Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ եւ պրոֆեսիոնալների հետ հանդիպելու հնարավորությամբ:
Ոգեւորված դրական արձագանքներով, մասնակիցների խանդավառությամբ եւ հաճելի մթնոլորտով՝ AIF թիմը որոշել է ամրապնդել հաջողությունը եւ կազմակերպել երկրորդ ցանցային միջոցառումը՝ նպատակ ունենալով ավելի ընդլայնել համայնքը, հետեւել Հայաստանում վերջին զարգացումներին եւ, իհարկե, անդրանիկ գաղափարը դարձնել ավանդական: Այն ժամանակ մասնակիցներից շատերը շեշտեցին, որ «իրենք (մասնակիցները) ակնկալում են ավելի շատ միջոցառումներ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս կտրվել առօրյայից եւ կապ հաստատել նույն փորձը եւ հետաքրքրությունները կիսող հայրենակիցների հետ: Մենք հնարավորություն ենք ստանում լինելու տեղեկացված, արտահայտելու մեր մտքերն ու մտահոգությունները համախոհ մարդկանց հետ եւ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու»:
Ամառային այս միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ գործընկերությամբ, եւ սպասվում է, որ կհյուրընկալվեն Մեծ Բրիտանիայից, Եվրոպայից եւ Հայաստանից ֆինանսական ոլորտում աշխատող ավելի քան 150 հայեր:

2018թ. ամառային միջոցառումը կազմված կլինի սեմինարից եւ ամառային գալա-ճաշկերույթից: Սեմինարը կտեւի մոտավորապես 4 ժամ, որպես հիմնական բանախոսներ հանդես կգան Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ՀԲԸՄ գործադիր տնօրեն Թալար Ղազանչյանը, RVVZ հիմնադրամի բարերար գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օյուջյանը եւ Մանուկ Հերգնյանը՝ Granatus Ventures-ի հիմնադիր եւ կառավարման գործընկեր: Համաժողովներ կանցկացվեն ֆինանսական ոլորտին առնչվող թեմաներով՝ մասնավորապես կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչպես են ֆինանսները փոխազդում այսօրվա Հայաստանի վրա, ինչպես նաեւ այս ոլորտում հայ համայնքի ապագայի վրա:
Թեեւ մեր կազմակերպչական կոմիտեն ներկայումս տեղակայված է Լոնդոնում, բայց նախաձեռնողները աշխատում են անխափան համագործակցություն հաստատել աշխարհի այլ քաղաքների համախոհների եւ կազմակերպությունների հետ: Նախատեսվում է նմանատիպ միջոցառումներ անցկացնել այլ խոշոր ֆինանսական կենտրոններում, ինչպիսիք են Նյու Յորքը կամ Փարիզը:

ՎԱՀԵ ԲԱԴԱՆՅԱՆ

PR պատասխանատու

«Առավոտ»

14.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031