Երբ պարզվեց, որ Թավշյա Պայքարը հաղթում է, իմ ոգեւորությունն ու ուրախությունն անսահման էր, որովհետեւ ապրիլի 10-ից առաջ (այդ օրը լրացավ 70 տարիս) ես լրիվ անհույս էի ու մտածում էի, որ վերջին 28 տարվա մղձավանջը չի դադարելու:
Հետո անցավ մոտ մի ամիս ու կասկածի որդն սկսեց հոգիս կրծել, իսկ հիմա արդեն հուսահատ եմ ու հոռետես, ու ինչքան էլ ինքս ինձ համոզում եմ, թե՝ «ոչինչ, լավ կլինի, ուղղակի պիտի մի քիչ, գուցե մի տարի համբերեմ», չար նախազգացումներս չեն լքում ինձ: Սրա համար էլ ուզում եմ իմ այս հոռետեսության պատճառներն ու իմ մի քանի մտորումը պատմեմ մեր քաղաքացիներին: Ահա դրանք:
Հուլիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր երկրի հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։ Մեր քայլերն այսուհետ եւս լինելու են բացառապես սահմանադրական դաշտում։ Ավելին՝ սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն եւ հրապարակայնորեն ուսումնասիրվելու են»։ Սա միայն մի բան է նշանակում, պրն Փաշինյանը ՀՀ-ի այսօրվա սահմանադրությունը փոխելու միտք չունի, գոնե մոտ ապագայում: Այստեղից բխում է հետեւյալ մի քանի կարեւոր հետեւությունը:
1. ՀՀ-ում իրականացրածը հեղափոխություն չի, որովհետեւ հասարակական առկա կարգը հեղափոխելիս փոխում են հենց սահմանադրական կարգը, ու նոր սահմանադրությամբ հասարակական նոր կարգ է հաստատվում: Եթե նոր սահմանադրություն չկա, չկա նաեւ նոր հասարակարգը, ուրեմն, չկա նաեւ հեղափոխությունը, նույնիսկ թավշյան, ինչքան էլ որ հայտարարվի, թե «հեղափոխություն է իրականացվել»:
Իրականացրածն ընդամենը իշխանափոխություն է, ինչը, այնուամենայնիվ, խիստ էր ողջունելի:
2. Հրաժարվելով սահմանադրական հեղափոխությունից, վարչապետ Փաշինյանը ուզում է միմիայն իր ու իր թիմի «քաղաքական կամքով» (ինչպես ինքը հայտարարեց հունիսի 7-ին ԱԺ-ին ներկայացրած իր ծրագրում) հեղափոխել ՀՀ-ի հասարակարգը, ինչը, ինչպես ցույց է տալիս մեր քաղաքակրթության փորձն ու կուտակած գիտելիքը, անհնար է: Հեղափոխություններն իրականացնում են կամ զենքով, կամ՝ թավշյա եղանակով սահմանադրությունը փոխելով:
3. Թերեւս ոչ մի մտածող մարդու համար գաղտնիք չի, որ առկա սահմանադրությունը ավտորիատար հասարակարգ հաստատող սահմանադրություն է: Ուրեմն, վարչապետ Փաշինյանի քաղաքական կամքով գործելու այս սկզբունքը եւ առկա սահմանադրությունը չփոխելու իր այսօրվա հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրում ԱՎՏՈՐԻՏԱՐ ՌԵԺԻՄ-ից չհրաժարվելու հայտարարություն, ինչն, անկասկած, հակադիր է թե ժողովրդավարության, թե իրավական պետություն կառուցելու, թե ազատ շուկայական հարաբերություններ հաստատելու սկզբունքներին:
Հնարավոր է, որ այսօրվա սահմանադրությունը չփոխելու միտքը վարչապետ Փաշինյանի տակտիկական քայլն է, ինչը թելադրված է առկա իրավիճակով: Այնուամենայնիվ, խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ պրն Փաշինյանը, վարչապետ ընտրվելիս ու դրանից հետո, նույնիսկ մեկ անգամ չի ասել, որ առկա սահմանադրությունը փոխելու կարիք կա եւ որ ինքը ապագայում դա փոխելու է:
Հակառակը, հուլիսի 5-ին Փաշինյանը հայտարարեց, թե. «Այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է»։ Սա ընդամենը նշանակում է, որ «ավտորիտար ռեժիմին ենթարկվելը բոլորիս սրբազան պարտականությունն է»։ Այսինքն, Փաշինյանի իր թիմի «քաղաքական կամքին ենթարկվելը բոլորիս սրբազան պարտականությունն է»:
Սա ասում է այն Փաշինյանը, ով նախքան վարչապետ դառնալը բազմիցս հայտարարել է, որ այս սահմանադրությունը սուպերվարչապետություն է հաստատում, իսկ իր ասած սուպերվարչապետությունը հենց ավտորիտար ռեժիմն է: Ես այսքան չէի հուսահատվի, եթե Փաշինյանը գոնե խոստանար, որ ձգտում է բարոյական սահմանադրության, ու վերացնելու է սուպերվարչապետական հասարակարգը:
4. Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ հիշյալ 2-րդ կետի իր ու իր թիմի «քաղաքական կամքով» լրիվ հնարավոր է ղեկավարել ՀՀ-ի տնտեսության, ներքին կյանքի ու երկրի արտաքին պաշտպանության բոլոր ոլորտները եւ վերացնել այս համատարած ապականությունը (կոռուպցիան): Սա՛ էլ է անհնար, քանի որ ապականության ցանկացած խոշոր դեպքի քննությունը անպայման բերելու հասցնելու է հենց գործը քննող իրավական մարմիններին ու իրենց հարազատներին, այսինքն հասցնելու է հին, «ԼՏՊ-ՌՔ-ՍՍ-ական» հասարակարգի մի ուրիշ տարբերակին: Անհնար է նաեւ այն պատճառով, որ եթե նույնիսկ այսօրվա դատաիրավական համակարգը «մաքրվի» էլ, հասարակական այս կարգի պայմաններում նորից ու անպայման քիչ-քիչ ապականվելու է ու նորից ծառայելու է չինովնիկներին, ովքեր նույնպես քիչ-քիչ անպայման են ապականվելու, քանզի ապականությունը արգելող բարոյական սահմանադրությունն ու հասարակարգը չկա: Եղածը հին ու անբարո սահմանադրությունն է:
Չմոռանանք, որ ԼՏՊ-ն, ՌՔ-ն ու ՍՍ-ն ու իրենց «զինակիցների» խմբերը գործում էին դատաիրավական մարմինների հետ «ձեռք-ձեռքի տված», քանզի պետական թալանի ուրիշ ձեւ հնարավոր չի, պիտի ողջ համակարգն ապականված լինի, որ այդ թալանը հնարավոր ու անպատիժ լինի:
5. Որ վարչապետ Փաշինյանը մտադիր է իր ու իր թիմի «քաղաքական կամքով» ղեկավարելու ողջ երկիրը, հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ վարչապետը նույնիսկ մտադրություն չի հայտնում, թե կրճատելու է իր կառավարության, այսինքն, իր ղեկավարած 18 նախարարության քանակն ու աշխատողների թիվը: Այս նախարարություններից երեւի 12-ն ավելորդ են ու խոչընդոտում են ազատ շուկայական հարաբերություններին ու ժողովրդավարությանը, իսկ այս հարաբերությունները, ըստ վարչապետի վերոհիշյալ ծրագրի, հենց վարչապետի նպատակներն են: Չխոսենք այն բանից, որ երկիրը նման կամքով ղեկավարելը ուղղակի հակասում է ազատ շուկայական հարաբերությունների ու ժողովրդավարության սկզբունքներին:
6. Վարչապետ Փաշինյանը չի պատասխանում մեր մտավորականության խորքային քննադատական բաց նամակներին (նույնիսկ` խմբայիններին) ու «դժվար» հարցերին, ոչ գրավոր, ոչ էլ իր լայվ-ելույթներին: Առանձին պատասխաններն էլ գոհացուցիչ չեն (օրինակ, կուտակային հարկի ու Ամուլսարի մասերով):
7. Նախարարներից ոմանց գրծողությունները, մեղմ ասած, անէական են, եւ նախարարներից ոչ մեկն առայժմ ոչ մի գլխավոր հարցի չի անդրադարձել ու հիմնականում փորձել է «բուժել» հասարակության «հիվանդությունների» ախտանիշները միայն, փոխանակ բուժելու այդ հիվանդությունների խորքային պատճառները: Սա բնական է, քանզի ասված պատճառները վերացնելի են միայն սահմանադրությունը փոխելով, ինչը չի արվում ու անհավանական է, որ առաջիկա երկու տարում արվի:
Ասվածից բխում է, որ անհնար է, որ վարչապետ Փաշինյանի ու իր թիմի այսօրինակ գործողություններից ՀՀ-ի հասարակության մեջ անընդհատ բազում մանր ու խոշոր ու անլուծելի կոնֆլիկտ չառաջանա: Անհնար է նաեւ, որ հարկերն ու մաքսերը, ինչպես նաեւ գներն ու կոմունալ տարիֆները պակասեն: Սրանք աճելու են, քանզի տնտեսագիտության ու ավտորիտարիզմի օրենքներն անողորմ են: Ժողովուրդը դեռ լավ է հիշում, թե սկզբում մոտ 98%-ի վստահությունը վայելող Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչպես ու ինչու 2-3 տարում կորցրեց այդ վստահությունը, ու այդ վստահությունն այլեւս չվերականգնվեց, նույնիսկ պատերազմը շահելուց ու «Ղարաբաղը մերն է»-ն իրագործելուց հետո: Պատճառն այն հանգամանքն էր, որ ժողովուրդը, գոռալով «Ղարաբաղը մերն է», այնուամենայնիվ իրավական երկիր էր ուզում, բարոյակարգ էր ուզում, այնինչ ԼՏՊ-ն ու իր մերձավորներն ավազակապետություն հիմնեցին, ինչը հետո ժառանգեցին ՌՔ-ն ու ՍՍ-ն, իրենց խմբերի հետ:
Եթե այն օրերին ժողովուրդը չլռեր կամ ժողովրդի ձայնը չկտրեին ու ժողովուրդը հսկեր ԼՏՊ-ի ու իր թիմի գործողությունները, հետագա թալանը գուցե չլիներ: Ու եթե ժողովուրդն այսօր էլ սուս անի ու միայն խրախուսի վարչապետի բոլոր քայլերը ու սքանչանա այդ քայլերով, առանց մտածելու ու անհանգստանալու, թե արդյոք ճի՞շտ են այս քայլերը, եթե ժողովուրդը վարվի այսօր շահարկվող այն հորդորով, թե. «Թողեք Նիկոլն ինչ ուզում է` անի, մի խանգարեք հլը», վախենամ, որ հասարակական դժգոհությունն այս անգամ շատ արագ աճի, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նույնքան կամ նույնիսկ ավելի արագ կորցնի ժողովրդի իր այսօրվա վստահության վիթխարի պաշարը, իսկ երկիրն էլ նորից դառնա նույն ավազակապետությունը: Վարչապետն այսօր ղեկավարվում է իր ու իր թիմի «քաղաքական կամքով» միայն: Արդյո՞ք վարչապետը մտածում է, որ իր իշխանությունը հավիտենական է ու անվերջ, ու իր քաղաքական կամքն էլ է հավիտենական, ու այս զորավոր կամքը, միշտ ու հավիտյան, ունակ է փոխարինելու բարոյական սահմանադրությանը: Բայց «քաղաքական կամք» կոչվածը ոչ սահմանադրություն է, ոչ գիտություն, ոչ էլ որեւէ հաստատուն ու չափելի բան, ու բնավ ունակ չի փոխարինելու ոչ սահմանադրությանը, ոչ էլ բարոյական հասարակարգ կառուցելու գիտությանը: Ոչ էլ այդ «քաղաքական կամք» կոչեցյալը որեւէ երաշխիք է տալիս կամ կտա, որ Փաշինյանի հաջորդը նորից երկիրը չի ապականի ու ժողովրդին չի դարձնի մի խումբ թալանչու թշվառ ու աղքատ ճորտ ու ստրուկը: Ու մենք նորից կնստենք կոտրած տաշտակի կողքը, եթե վարչապետ Փաշինյանը իրոք չորդեգրի իսկական ժողովրդավարության, իրավական պետություն կառուցելու ու ազատ շուկայական հարաբերություններ հաստատելու սկզբունքները:
Հազար ափսոս, որովհետեւ ընդամենը 2 ամիս առաջ հենց ինքս էի չափազանց վստահում ՀՀԿ-ական դժոխային չարիքից մեզ ազատած Նիկոլ Փաշինյանին, ու անչափ ուրախացած` հույս ունեի, որ վարչապետն ու իր թիմը, փոխելով առկա անբարո սահմանադրությունը, մի նոր ու բարոյական սահմանադրությամբ Հայաստանում հասարակական բարոյական կարգ, այսինքն, բարոյակարգ են հաստատելու: Նիկոլ Փաշինյանի հուլիսի 5-ի հայտարարությունից հետո արդեն լրիվ եմ հուսահատ: Հայերը կորցնում են իրենց երկրում բարոյակարգ հաստատելու այս եզակի, այս ուղղակի միայն մի անգամ տրվող շանսը: Ափսոս, հազար ափսոս:
ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս