«Երբեմն կարող է տպավորություն ստացվել, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով ՀՀ քաղաքացիների հարցերին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ցավով նշեց, որ վերջին երկու ամսում, իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են:
Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին՝ հիշեցրեց՝ ինքն էլ է եղել քաղբանտարկյալ և հավաստիացրեց, որ իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում նորից հայտնվեն քաղբանտարկյալներ. «Նույնքան անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ: Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ»:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք խոշորացույցով հետևում են ՀՀ կառավարության և կառավարության յուրաքանչյուր անդամի գործողություններին:
Պարոն Փաշինյանը վստահեցրեց՝ չի կարող լինել որևէ լուրջ ահազանգ, որ մնա առանց ուշադրության. «Չի կարող լինել այնպես, որ ասենք սա մեր թիմից է, մեր ընկերոջ ընկերն է, մեզ հետ աղուհաց է կիսել, ուստի պետք է ինչ-որ բանի վրա աչք փակել: Որևէ բանի վրա աչք չի փակվելու: Եթե որևէ մեկից փող չենք վերցրել, որևէ մեկից փայ չենք մտել, եթե սխալ ենք գործել, սխալն ուղղելը մեր ձեռքին է»:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կառուցողական, թե ոչ կառուցողական քննադատությունից միշտ փորձում է դուրս բերել ռացիոնալ ասելիք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
<>կամ չքմեղացած անառակ որդու վերադարձը մեր ցանկությունով:
Հարցերի պատասխանները ամբողջությամբ կառուցողական են’ մնում է ամեն ոք իր տեղում լինի:
Հարգելի Սուրեն շնորհակալություն նյութի տարածման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/16/970532/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից