ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ներեկեղեցական խնդիր է. դա չի դարձել հանրային հարց, որ կառավարությունն իր դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն ունենա:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների՝ եկեղեցու և կաթողիկոսի անձի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը վերաբերող հարցերին, Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Գարեգին Բ-ի շուրջ ծավալված իրադարձությունները որոշակի տհաճ մթնոլորտ են ստեղծում: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր ուսումնասիրել վերջին միջադեպը Վայոց ձորում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, եթե վեհափառի դեմ դուրս եկած ցուցարարներն իրենց գործողություններով որևէ գծեր են անցել, ապա դա պետք է հստակ արձագանք ստանա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միևնույն ժամանակ որոշ հոգևորականների՝ ի պաշտպանություն կաթողիկոսի հնչած հայտարարությունները, կարծես կրակի վրա յուղ լցնեն:
Պարոն Փաշինյանի համոզմունքն է, որ կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպետք է միջամտի: Նիկոլ Փաշինյանը հոգևոր դասին կոչ արեց հավաքվել ու քննարկել խնդիրները: ՀՀ վարչապետը զգուշացրեց, եթե նույն կերպ շարունակվի, տարբեր կողմերից փորձեն թաքուն միջամտել, ստիպված են լինելու ավելի մանրամասն ուսումնասիրել խնդիրը. «Ստիպված ենք լինելու այդ հարցերին կոնկրետ լուծումներով պատասխան տալ: Այս պահին իմ կոչը մնում է նույնը՝ հոգևոր դասը պետք է հավաքվի ու քննարկի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ