«Ճիշտ է, որ Ռոբերտ Աբաջյանի ընտանիքն ապրում է ՌԴ-ում, ճիշտ չէ, որ նրանք հիմա են տեղափոխվում»,-անդրադառնալով մտահոգությանը, թե ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները մեկնում են Հայաստանից արտերկիր աշխատանքի, ինչը պատիվ չի բերում մեզ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպես պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ հունիսի 30-ին հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հոր հետ, նրան խնդրել է պատմել Ռոբերտի մասին. շատ հուզիչ հանդիպում են ունեցել: Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ. «Ռոբերտի կերպարն առաջին իսկ օրից ինձ շատ հուզել է, և նա ինձ համար մեր նոր սերնդի ամենաուժեղ կերպարներից մեկն է»:
Դառնալով Ռոբերտ Աբաջյանի ընտանիքին՝ պարոն Փաշինյանը վստահեցրեց՝ դեռ Ռոբերտի զորակոչվելուց առաջ նրա ընտանիքը երկար տարիներ ապրում ու աշխատում էր Ռուսաստանում. «Հենց մեր խոսակցության սկզբում ասել եմ, որ նրանք Հայաստանում ապրեն, Ռոբերտի հայրն ասաց, որ հատկապես հեղափոխությունից հետո մտածում է ՀՀ տեղափոխվելու մասին, և այդ թեման իրենց օրակարգում է: Իրենց տունը կա, որտեղ Ռոբերտի տատիկն ու պապիկն են ապրում»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ արցախյան հերոսամարտի և ընդհանրապես հայրենիքի պաշտպանության համար զոհված, վիրավորված, հաշմանդամ դարձած մեր հերոսներն արժանի են առանձնահատուկ վերաբերմունքի. «Մասնավորապես Ռոբերտի կերպարը, մյուս հերոսների կերպարը պետք է ուղենիշ լինի բոլորիս համար, քանի որ իմ կարծիքով` հանուն հայրենիքի ապրելու և զոհվելու պատրաստակամությունն այն ամենաբարձր կետն է գիտակցական, որին մարդ ընդհանրապես կարող է հասնել: Իսկապես միստիկ բան կա, որ Ռոբերտն ու իր ընկերները դրան հասել են 18, 19, 20,21 տարեկանում: Նրանք մարդիկ են, որոնք խոնարհումի են արժանի: Ես հեղափոխության և ընդհանրապես իմ գործունեության ընթացքում այս մարդկանց կերպարը միշտ ունեցել եմ իմ մտքում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ