«Հստակ հայտարարել եմ, որ եթե Ամուլսարի գործընթացը սկսեր իմ՝ վարչապետ դառնալուց հետո, թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով Էդգար Հարությունյանի՝ 5000-ից ավելի լայք հավաքած հարցին՝ ի՞նչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ օրով դառնա ընդդիմադիր և փակի Ամուլսարի թեման, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ իրեն հատկապես բնապահպանական տեսանկյունից խիստ մտահոգում է Ամուլսարի հետ կապված իրավիճակը, հատկապես այն, թե ինչու է կառավարությունը հանքի թույլտվություն տվել առողջարանային քաղաքի տարածքում:
Բայց միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ինքն ամենաթողության սկիզբ չի դնելու, որ օրինակ՝ վարչապետի հրամանով հանք փակվի, այլ խնդիրը լուծվելու է Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան: Այս առիթով Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Մենք որևէ գործողություն որպես կառավարություն չենք կարող իրականացնել, եթե չունենք դրա համար դե յուրե հիմնավորում: Շատերն ասում են՝ գնացեք հանքը փակեք: Գնացինք, փակեցինք առանց որևէ հիմնավորման, ամենաթողությունը հենց այդ ժամանակ է սկսվում: Այսօր վարչապետի կամքով Ամուլսարն են փակում, հաջոդ օրը գործարան կփակենք, երրորդ օրը լրատվամիջոց կփակենք, չորրորդ օրը մարդկանց կփակենք և այսպես շարունակ: Վստահ եմ, որ չեք ուզում, որ ՀՀ-ում նորից ամենաթողության հիմքերը դնեմ: Չի կարող ուղղակի լինել այդ լուծումը, թե վարչապետը վեր կացավ ասաց, փակեք»:
Վարչապետը հիասթափված է Լիդիան Արմենիա մոտեցումից. ըստ նրա՝ ընկերությունը համենայն դեպս իր այցի ընթացքում կառուցողական մոտեցում չցուցաբերեց:
Նիկոլ Փաշինյանը վրդովվեց՝ կրկին հիշելով, որ Ջերմուկից իր վերադարձից հետո որոշ անձինք հայտարարություններ են արել, թե զենքով կգյուլլենք, հարցերը կլուծենք: Այս առիթով Փաշինյանը հայտարարեց. «Ոչ մեկ ՀՀ-ում չի կարող զենքով հարց լուծել: Ինչքան գիտեմ՝ ԱԱԾ-ն համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել այդ հայտարարության հեղինակների նկատմամբ: Թույլ չեմ տա, որ որևէ մեկը մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ու ասի, թե զենքով հարցեր կլուծենք: Որևէ մեկը բռնությամբ, բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու, և սա ասում եմ որպես ՀՀ վարչապետ, հակառակ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ