ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ քաղաքացիների հարցերին պատասխանելը սկսեց ֆուտբոլային թեմայով: Նա փաստեց, որ առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ պիտի լինեն:
Վարչապետը հավաստիացրեց, որ ՀՀ-ում և սփյուռքում ունենք բավարար ներուժ, որպեսզի ՀՀ ազգային հավաքականի մակարդակով նոր հաջողություններ ունենանք: Ըստ վարչապետի՝ այդ գործն առաջինը պետք է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) որպես ՀԿ իր վրա վերցնի. «Հույս ունեմ, որ այդ դերակատարությունը մեր ակումբները և ՀՖՖ-ն կստանձնեն և առաջ կընթանան»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 14 հազար լայք հավաքած, Սուրեն Փահլևանյանի կողմից հնչեցված հարցին՝ ե՞րբ կկարգավորվի աշխատանքի ընդունման կարգը ՀՀ-ում, որ ամենուր միայն աշխատանքային փորձ ունեցողներին չընդունեն աշխատանքի, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Լսել եմ նաև, երբ տարիքով մարդիկ բողոքում են, որ ամենուր աշխատանքի են հրավիրում մինչև 35 տարեկաններին: Ապրում ենք մի երկրում, որտեղ ծանոթ, մեջք ունենալն է աշխատանքի ընդունվելու տրամաբանությունը, էլ չեմ ասում կաշառքներ վճարելը: Այս ոլորտում առայժմ հեղափոխություն տեղի չի ունեցել: Վերջերս ԿԲ ուսումնական կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարեցի, որ պետք է կադրային հեղափոխություն իրականացնել: Մենք հիմա մտածում ենք օնլայն հարթակ ստեղծելու մասին, որ որոշակի առումով կլինի ինքնաշխատ ու հրապարակային և կօգնի կառավարությանը առավել արժանավոր կադրերի գտնելու և աշխատանքի տեղավորելու հարցում: Այսինքն՝ ուզում ենք պետական մակարդակով կադրային բանկ ստեղծել»:
Դառնալով հանրության որոշ շրջանակներում հնչող այն մտահոգություններին, թե շուտով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ կսկսեն փող աշխատել, կոռուպցիոն սխեմաներ կազմել, պարոն Փաշինյանն արձագանքեց. «Ակնհայտ է, որ այդ թվում նաև պետական համակարգում այս առումով հույսեր չներշնչող մարդիկ կան, ուստի կադրային հեղափոխություն իրականացնելու համար պետք է հսկայական կադրային բանկ ունենանք, որ կարողանանք մեկ օրում այդ հեղափոխությունն իրականացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դուք ճիշտ եք պարոն վարչապետ խնամի,ծանոթ,բարեկամ, աշխատանքային փորձ,մինչև 35 տարեկան և այլ ,,շաբլոն,, դարձած արտահայտություներից մարդիկ հոգնել են: