«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով կլինի Երևանի քաղաքապետը, կարևորը՝ աղբահանության խնդիրը լուծվի», «Իբր քաղաքապետ եղած ժամանակ շատ մաքուր էր մեր քաղաքը, ուր մնաց հիմա, երբ անտեր են թողել». Aravot.am-ի հետ զրույցում աղբահանության հետ կապված այսպիսի մտահոգություններ հայտնեցին Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներ:
Աղբահանությունից դժգոհ են նաև Չարբախի բնակիչները: Մեզ հետ զրույցում բնակիչները վրդովվեց. «Չարբախի մետրոյի գլխավոր մուտքի մոտ անմարդկային վիճակ է, այստեղ մշտապես աղբ է կուտակված, գետնին ամբողջովին աղբի մեքենայի կեղտաջրերն են, մետրոյից օգտվելու համար ուզած- չուզած քայլում ես այս կեղտի միջով: Արդեն երկու տարի է կռիվ ենք տալիս Սանիտեկի և Երևանի քաղաքապետարանի հետ, բայց ոչ մի արդյունք»:
Աղբահանությունից և ընդհանրապես փողոցների սանիտարահիգիենիկ վիճակից դժգոհ են նաև Կենտրոն վարչական շրջանի բնակիչները և Երևանի կենտրոնում զբոսանքի դուրս եկած քաղաքացիները: Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիները մեզ հետ զրույցում դժգոհեցին՝ ամենուր քաղցրի, փոշու և կեղտի խառնուրդ է. նստում են նստարաններին, այն կպչում է շորերին, երեխաները գնդակ են խաղում, կպչում է ոտքերին:
Դժգոհություն ունեին նաև Հանրապետության հրապարակում զբոսնող քաղաքացիները: Մի կին պատմեց. «Երեկոյան երեխաներին բերում եմ Հանրապետություն հրապարակ, որպեսզի երգող շատրվանների շոուն դիտեն, ու մի մաքուր աստիճան չկա, որ երեխաները նստեն ու վայելեն շոուն: Զարմանում են՝ իսկ ո՞ւր են այն խոզանակներով բեռնատարները, որ իբր նոր էինք ձեռքբերել»:
Բարձրացված խնդիրների մասին Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև «Սանիտեկից», սակայն այս պահի դրությամբ ընկերությունից արձագանք չկա: Պարզաբանման դեպքում պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
դեհ, երբ որ Տիկին Ծիրանը քաղաքապետուհի դառնայ, դուք էլ մի քանի տոպրակ աղբ կը վերցնէք, կը տանիք Աւագանիի ժողովին, իր սեղանին վրայ կը դնէք (միայն թէ վրան չշպրտէք, հա. մեղք է Գրիստիան Տիոր շորերին…). իսկ եթէ ակցիան շատ գարշահոտ լինի, Տիկինը Շանել-Հինգը կը հանէ իր Հերմէս պայուսակից, մի քանի հատ ֆս-ֆս կ’ընէ…