Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը եւ Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։
Նշվել է, որ Կատարի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ կան համագործակցության մեծ հեռանկարներ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն