27-ամյա հոգեբան, հատուկ մանկավարժ, ծնունդով վանաձորցի Լուսինե Վարդումյանի կյանքը հանդիպման ու հրաժեշտի հերթափոխ է հիշեցնում, մտքի ու կարողությունների անվերջ կռիվ, կանգառներ, որտեղ շունչ է քաշում, լիցքավորվում, նորոգում «ալիքներից ճկված առագաստը»։
«Ամերիկյան ֆիլմերում պատկերված հոգեբանի կերպարը գերում էր ինձ։ Դեռ դպրոցական տարիներին ընկերներս գաղտնիքներն ինձ էին վստահում, վիճողներին առաջին հաշտեցնողն էի։ Երբ շրջապատիս հայտնեցի մասնագիտական ընտրությանս մասին, շատերը մտավախություն հայտնեցին՝ ինչպես եմ «գժերի» հետ աշխատելով ապրուստ վաստակելու։ Ավարտական տարում քննությունս ձախողեցի, սակայն մեջս ուժ գտա՝ երկրորդ փորձն անելու։ Բարձրագույն կրթությունն ինձ համար կյանքի պարտադիր քայլերից է․ բակային խաղերում միշտ լիդեր կամ բիզնեսմեն էի (ծիծաղում է, հեղ․), իսկ դրան հասնելու համար հստակ գիտելիք էր պետք»,- պատմում է երիտասարդ մասնագետը։
Այդ տարիներին Վանաձորի մանկավարժական համալսարանում տարածաշրջանի շատ կրթական հաստատությունների նման զգալի էր խորհրդային արժեհամակարգի ազդեցությունը․ ինքնադրսևորման, բազմակարծության, քննադատական ազատություն չկար։ Բուհն ավարտելուց հետո Լուսինեն հասարակական կազմակերպություններում աշխատող իր ծանոթների առաջարկով դիտորդություն էր անում համապետական, մարզային և համայնքային ընտրությունների ժամանակ։ Կապի սպասարկման ոլորտում շրջիկ աշխատանքը բնակիչների հետ սերտ շփում ստեղծեց, հասկացավ, որ հանրակրթական դպրոցներում որակի և մատչելիության պակաս կա։
2014 թվականին որպես դաստիարակ աշխատանքի անցավ Երեխաների խնամքի և պաշտպանության Վանաձորի թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում, առնչվեց ընտանեկան բռնության զոհ դարձած երեխաների հետ։ «Իմ խմբում 7-12 տարեկան աղջիկներ էին, թվով՝ 23 հոգի, որոնք միաժամանակ խոսում էին ու բղավում։ Նման պարագայում հօդս են ցնդում մասնագիտական տեսությունները։ Մոտենում էի անհատապես, հանդարտեցնում, վարքի կարգավորման հնարքը գտել էի՝ լավ արարքի դիմաց՝ փոքրիկ նվեր կամ հեքիաթ քնից առաջ։ Երբ հրաժարվում էի հեքիաթ կարդալ, նեղսրտում էին, սկսում մեղավորներ փնտրել»,- ժպիտով հիշում է Լուսինեն։
Երեխաները դաստիարակի հետ խոսում էին տան անցուդարձից, ծնողների հանդեպ կարոտից, տարիքային հույզերից, նույնիսկ կրկնօրինակում նրա պահվածքը։ Աշխատանքային ծանրությունը հոգեբանը տղաների խմբում զգաց․ խոստովանում է՝ այդպես էլ չկարողացավ իր մեջ հավասարակշռել օրինակելի կնոջ և տղամարդու կերպարները։ Դաստիարակության միակ «մեթոդը» սերն էր, և այն փոխադարձ էր․ «Մենք ընտանիքի մասին խեղաթյուրված պատկերացում ունենք․ պնդում ենք, որ երեխան ապրի ծնողների կամ ծնողի հետ՝ հաշվի չառնելով տան պատերից ներս տիրող մթնոլորտը։ Մեծահասակներին փոխել հնարավոր չէ, սակայն կարելի է նրանց գիտակցության մակարդակը բարձրացնել։ Ծնողի հետ աշխատելուց հետո միայն կարող ենք նրան երեխայի խնամք վստահել»։
Հաջորդ «կայարանը» Արմավիրի մարզի սահմանամերձ Գետաշեն գյուղն էր, որտեղ Լուսինեն «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում է հայտնվել։ Այստեղ կլիման տաք է, բնակիչները՝ հանգիստ, ցածրախոս։ Իր հարազատ Վանաձորում մարդիկ կարծես «սարերի միջից» են խոսում, բարձրաձայն, ինչի պատճառով գետաշենցիները երբեմն «սաստում» են իրեն։ Դարպասը միշտ բաց է թողնում․ մոտ հարևանները ներս են գալիս, խնամում այգու միրգը, վերջում էլ կանաչեղենից ու հացից իրեն բաժին հանում։
Գետաշենի վերանորոգված դպրոցն իր պայմաններով գերազանցում է մարզի մյուս կրթօջախներին։ Ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Լուսինեն համագործակցում է Արմավիրի երիտասարդական կենտրոնի հետ, աշակերտներին ներգրավում դասընթացների, ամառային ճամբարների, գրքասերների հետ քննարկումներ անցկացնում, տարբեր համայնքային ծրագրեր մշակում։ Տարեսկզբին աշակերտներից մեկը՝ Բուրաստան Գրիգորյանը, ուսուցչուհու խորհրդով հայտ էր ներկայացրել Kids. Education. Revolution (Աշակերտներ։ Կրթություն։ Հեղափոխություն) համաժողովին մասնակցելու համար և մեկնել Մումբայ։ Վերադարձել էր «զարմացած», «հեղափոխական» գաղափարներով։ «Երբ ռիսկի ես դիմում և դուրս գալիս բնակությանդ սահմաններից, անակնկալ կերպով կարող ես ուրիշ մարդ դառնալ՝ ավելի լայն մտահորիզոնով։ Չէ՞ որ աշխարհը հետաքրքիր է, երբ բոլորս տարբեր ենք»,- ասում է մանկավարժը։
Մեկ տարվա աշխատանքի իր մեծագույն ձեռքբերումը կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների դրական առաջադիմությունն է համարում․ դասընկերներն ավելի հանդուրժող են դարձել, սովորել են հարգել դիմացինի կարծիքը։ Հոգեբանի ուսումնական պլանի մյուս առանցքը աղջիկների առաջնորդության գաղափարն է։ «Կնոջ համար հստակ դաստիարակության նորմեր են սահմանվել։ Զարմանալի է, բայց կինն ինքն է համոզված, որ ուրիշ առաքելություն չունի՝ ընտանիքից ու խոհանոցից բացի։ Խնդիրն առաջին հերթին ինքդ քեզ հետ հաշտվելու մեջ է, այդ ժամանակ դիմացինին էլ կընդունես՝ ինչպես որ կա։ Անկախ սեռից՝ դեր պետք է ընտրել՝ պոտենցիալի, ո՛չ հասարակության թելադրանքով»,- ամփոփում է Լուսինե Վարդումյանը։
Անի Անտոնյան
Նյութը ներկայացված է «Թվապատում 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթին