ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, թե այսօր՝ ժամը 22.00-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելու է ՀՀ քաղաքացիների հարցերին, ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին հազարավոր հարցեր, բանաստեղծություններ ու խնդրանք-առաջարկներ գրել վարչապետին: Այս պահի դրությամբ շուրջ 6400 մեկնաբանություն է թողնված Նիկոլ Փաշինյանի գրառման տակ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրոք զգուշացրել է՝ կպատասխանի ամենաշատ like ստացած 15 հարցերի:
Վարչապետի ֆեյսբուքյան էջում գրված հարցերին ծանոթանալով՝ նկատեցինք՝ կան ընդհանուր հարցեր, որոնք հետաքրքրում են հարյուրավոր օգտատերերի: Դրանց մեծ մասն ավելի շատ ոչ թե հարցեր են, այլ խնդրանքներ, որ վարչապետը կատարի: Օրինակ՝ վարչապետից հարցնում են՝ ե՞րբ կիջնեն վարկերի տոկոսադրույքները, ե՞րբ կիջնեն բենզին գները, ե՞րբ կվերանա դատարանների՝ «բեսպրեդելը», ե՞րբ կփոխվի աշխատանքի ընդունման կարգը, համաձայն որի՝ պարտադիր չի լինի աշխատանքային փորձը: Օգտատերերը խնդրում են Նիկոլ Փաշինյանին զբաղվել «Վեոլիա ջուր» կազմակերպությամբ, պարզել հաճախակի ջրանջատումների պատճառներն ու ջրի որակը:
Տասնյակ օգտատերեր հարց հղելու փոխարեն շնորհակալական խոսքեր, նաև բանաստեղծություններ են ձոնել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ օգտատեր Բադալյան Մանվելը գրում է. «Մերսի Քեզ Փաշինյան Նիկոլ»:
Անուլիկ Հայկոն, դիմելով «դուխով ժողովրդի դուխով վարչապետ ջան»-ին, խնդրում է. «Մի շատ կարևոր խնդրանք, երբ ազատ ժամանակ ունենաք զբաղվեք vivaro, adjarabet և այլ նմանատիպ կախվածություն առաջացնող (թալանող) գրասենյակներով, նրանց անընդմեջ գրավիչ գովազդներով։ Օգնեք մեր երիտասարդությանը նվիրվել ԸՆՏԱՆԻՔԻն և դարձի գալ։ Շնորհակալ ենք Ձեր նվիրված աշխատանքի համար»:
Օվսաննա Պողոսյանն էլ վարչապետին զգուշացնում է. «Պարոն վարչապետ, ես Ձեզ խնդրում եմ շատ-շատ, չգայթակղվեք, չհրապուրվեք, Դուք շատ հարուստ եք, Ձեր կողքին է ամբողջ հայ ազգը, մենք Ձեզ հավատում և շատ-շատ սիրում ենք: God bless you and your family»:
Նելլի Օհանյանն էլ ցանկանում է. «Առողջ ու անփորձանք լինեք պ. Վարչապետ ջան։ Մեր տանջված ու տառապած ժողովրդի գլխից անպակաս»։
Տաթևիկ Աթանեսյանը բանաստեղծություն է նվիրել Նիկոլ Փաշինյանին.
«Նվիրյալ երկրին ու ժողովրդին,
Իսկական հայի անունով ծնված,
Կարողացավ իր հզոր ազգին,
Ոտքի հանել աղոթքն առ Աստված,
Լուսավոր կյանքի նոր ուղին բռնած:
Փողոցներում խենթ ու ցնորված,
Արևի լույսից ջերմությունն առած,
Շողշողում էին Չարենցի ամբոխները խելագարված,
Իսկ ձեր անունը հպարտ էր կանգնած
Նրանց մեջ, ովքեր չունեին հույսի մի կասկած,
Յուրաքանչյուրիս լցրել եք սիրով անկասկած,
Ազգային հերոսի կոչումը քիչ է,
Նիկոլ Փաշինյան անունն ամե’ն ինչ է… »:
Օգտատերերից Ելենա Սարգսյանը վարչապետի կրտսեր դստերը՝ Արփիին, պաչիկներ է ուղարկում:
Aravot.am-ն առանձնացրեց նաև օգտատերերի որոշ զավեշտալի և հանրության շրջանում առավել մեծ հետաքրքրություն վայելող հարցեր:
Օգտատեր Վադզ Ղազարյանը հարցնում է. «Պարոն Փաշինյան, խոսակցություններ են պտտվում, որ դուք Բրյուսել էիք մեկնել, ձեր հազը այնտեղ թողնելու նպատակով, ռսի ասած «с горла долой и с сердца вон», ո՞րքանով է հավաստի այս լուրը, շնորհակալություն»: Ըստ Զոհրաբ Եգանյանի շատ լայքը լավ հարցի նշան չի։ Դավիթ Հարությունյանին հետաքրքրում է՝ բա վերջը ի՞նչ է լինելու. Սերգեյ Դանիելյանի հեքիաթի մատրիցան տեսնելո՞ւ ենք։ Այս օգտատերին հետաքրքրում է նաև՝ ե՞րբ ենք ծով ունենալու, որ ծով գնալու համար ուրիշ երկիր չգնանք։ Հայկ Ամալյանին հետաքրքրում է՝ վարչապետն ի՞նչ է կարծում Գարեգին Բ-ի շուրջ ծավալված այս իրադարձությունների մասին և ի՞նչ է պատրաստվում անել:
Օգտատեր Էդգար Հարությունյանը գրել է. «Պարոն Փաշինյան, եթե Դուք դեռևս ընդդիմադիր լինեիք, վստահ եմ, կտրականապես դեմ էիք արտահայտվելու Ամուլսարի ծրագրին։ Ես գիտեմ, որ Դուք սիրում եք Հայաստանը ու չեք ցանկանում, որ սարի փոխարեն հանք լինի։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս անենք, որ մեկ օրով նորից ընդդիմադիր դառնաք ու մեկընդմիշտ փակեք Ամուլսարի թեման։ Շնորհակալություն»:
Թամարա Շարոյանն էլ իր հարցը ձևակերպելուց հետո վարչապետին սիրո խոստովանություն է արել. «Սիրում ենք Ձեզ (ամեն ինչից զատ)»։
Արամ Մանուկյանն առաջարկում է. «Կառավարության երիտասարդ ղեկավար անդամներին օգնական ու խորհրդական նշանակել տարիքով ու կյանքի փորձով մարդկանց»:
Նիկոլ Փաշինյանին է դիմել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա վարչապետին հիշեցնում է. «Հիշում ե՞ք, պրն. Փաշինյան, միասին պայքարում էինք Սերժի դեմ։ Հին Հայաստանում՝ Շանթ Հարությունյան՝ քաղբանտարկյալ։ «Նոր Հայաստանում»`Շանթ Հարությունյան՝ քաղբանտարկյալ»։
Օգտատերերը խիստ անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբ: Օրինակ՝ Արթուր Մինասյանը վարչապետին պահանջում է. «Բարև Ձեզ պարոն Փաշինյան, սա հարց չի, սա պահանջա, առավելագույնս ուժեղացրեք Ձեր անձի անվտանգությունը, Դուք իհարկե քաջ գիտակցում եք, որ Ձեր ազգանվեր գործունեության ընթացքում փակել եք այնպիսի «մարդկանց» ճանապարհը, որոնք ժողովրդական լեզվով ասած նույնիսկ աղ ու հացը կթունավորեն (կամ ջուրը): Մի բան էլ, Դուք ասել եք, որ Ձեր անձը դնում եք հայրենիքի զոհասեղանին, բայց այսօր դրա իրավունքը չունեք, քանի որ այսօր Ձեզանից է կախված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Հաջողություն Ձեզ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ