ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ դեռ վաղ է համեմատելը անցյալ ու այս տարվա՝ արտասահմանից Հայաստան վերադարձած և զինծառայության անցած ՀՀ քաղաքացիների թիվը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո արտասահմանում գտնվող 300 ՀՀ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան զինվորական ծառայություն անցնելու: Ըստ վիճակագրության՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում առանց Նիկոլ Փաշինյանի կոչի Հայաստան է վերադարձել և անցել զինծառայության 345 անձ՝ այս տարվանից 45-ով ավելի:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ անգամ առանց ՀՀ վարչապետի կոչի անցյալ տարի արտերկրից ՀՀ վերադարձել և զինծառայության էին անցել ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, քան այս տարի, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախևառաջ, ավելի մեծի ու փոքրի համար ժամանակ է դեռ պետք: Զորակոչը դեռ չի ավարտվել, էլ չեմ խոսում տարվա մասին: Ուստի ամփոփելը սխալ է: Զորակոչը դեռ ընթացքի մեջ է. մինչև հուլիս 31-ը դեռ մարդիկ կարող են գալ ու մեկնել զինծառայության: Բայց այն, որ ավելի մեծ ակտիվություն կա, դա փաստ է, դա չի քննարկվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ