Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլի թվի բարդություններն ու պարզությունները

Հուլիս 15,2018 12:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայտնվել են միանգամայն բարդ իրավիճակում: Արտահերթ ընտրությունների հետ կապված: Մի կողմից ակնհայտ է, որ ինչքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, այնքան շատ պատգամավորական քվեներ կունենան Նիկոլ Փաշինյանի կուսակիցներն ու գաղափարակիցները: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների ձգձգումն ու հետաձգումը նախընտրելի է Փաշինյանի կառավարության այն անդամների համար, ովքեր այս պահին ռեալ իշխանություն ունեն, և հեչ պարզ չէ, թե ինչ կարգավիճակում կհայտնվեն արտահերթ ընտրություններից հետո: Ասվածը հիմնականում վերաբերում է ներկա իշխանության փոխվարչապետերին ու նախարարներին, որոնցից ոմանք, հնարավոր է, արտահերթ ընտրություններից հետո ոչ միայն պաշտոններից զրկվեն, այլև պատգամավոր էլ չընտրվեն:

Կարճ ասած՝ վարչապետ Փաշինյանի համար չափազանց բարդ իրավիճակ է: Հատկապես՝ Ազգային ժողովում: Ազգային ժողովում Փաշինյանն  ու իր կուսակցությունը, փաստորեն, հուսալի հենարան չունեն: Նույնիսկ «Ելք»-ը ներկայիս պառլամենտում լուրջ քանակություն չունի: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին ու Դաշնակցությանը, նրանք ևս նոր իշխանության համար հուսալի հենարան չեն կարող լինել. դա երևաց այն բանից հետո, երբ նոր իշխանությունը կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հարկավոր է արգելել բարեգործությունը: Ինչպեսև սպասվում էր, «Ծառուկյան» դաշինքը չափազանց բուռն ընդվզեց այդ կարծիքի դեմ: Կարճ ասած, նոր իշխանություններն Ազգային ժողովում ինչ-որ առումով ու ինչ-որ չափով պատանդ են այլ կուսակցությունների ու խմբակցությունների ձեռքին: Այնպես որ, Ազգային ժողովում նոր իշխանությունների համար ՀՀԿ-ն միակ անվստահելին չէ, և չնայած ՀՀԿ-ից սպասվող ակնհայտ առնետավազք տեղի չունեցավ, այդուհանդերձ, պետք է ընդունել, որ ՀՀԿ-ն կարևոր հարցերում Ազգային ժողովում նույնիսկ սատարեց Փաշինյանին ու նոր իշխանությանը, բայց պետք է ընդունենք նաև, որ նոր իշխանության կարգավիճակն Ազգային ժողովում միանգամայն արտառոց ու անբնական է՝ այն առումով, որ, չնայած նոր իշխանությունը բացարձակ վստահություն ունի հասարակության և պոտենցիալ ընտրողների կողմից, և այս առումով չափազանց լեգիտիմ ու ինքնավստահ է, այդուհանդերձ, այդ ինքնավստահությունը հատկապես Ազգային ժողովում չի նկատվում ու զգացվում, և հասկանալի է, որ այսպես չի կարող երկար շարունակվել, և այս առումով ու այս տեսանկյունից  Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները չափազանց հրատապ են հատկապես Նիկոլ Փաշինյանի ու իր կուսակցության համար, քանի որ առանց Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու՝ նոր իշխանությունը, փաստորեն, չի կարող լիարժեք ու կատարյալ լինել:

Ասում ենք՝ նոր իշխանությունն այս իրավիճակում չի կարող լիարժեք ու կատարյալ լինել, բայց այս անլիարժեքության ու անկատարության վիճակում էլ նոր իշխանությունն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վայելում են ժողովրդի լիարժեք ու կատարյալ վստահությունը, և քանի որ ժողովուրդը հենց ընտրողներից է բաղկացած, և քանի որ ընտրողները գոհ են ներկա իշխանությունից ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանից, և քանի որ գոհ են ներկա իրավիճակից, ամենից քիչ հենց ընտրողներն են զգում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը և ամենից քիչ հենց պոտենցիալ ընտրողներն են արտահերթ ընտրությունների թեմայով խոսում, և դա միանգամայն բնական ու հասկանալի է, որովհետև նա, ում ժողովուրդը փափագում է տեսնել երկրի ղեկավարի աթոռին, արդեն իսկ այդ աթոռին է նստած, ընդ որում՝ միանգամայն ամուր ու հիմնավոր:

Եվ, դրանից էլ բացի. մեր ժողովուրդը միշտ էլ առաջին դեմքերին ավելի է կարևորել, քան այն կուսակցությանը, որը ներկայացնում է տվյալ առաջին դեմքին: Այդպես էր ՀՀՇ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, այդպես էր նաև ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեպքում: Այդպես է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի դեպքում: Այսինքն, եթե արտահերթ ընտրություններ լինեն, ժողովուրդն ընտրելու է այն կուսակցությանը կամ այն դաշինքին, որը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, ժողովուրդն ընտրելու է նրան, ով այս պահին արդեն իսկ ընտրված է և հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՀՀԿ պատգամավորներն էլ անգործ չեն մնա՝այս իրավիճակում նրանք ավելի հակված են պաշտպանել ներկա կառավարության ներկայացրած առաջարկությունները և ծրագրերը,առանց որևէ ակնկալիքի,քան հենց վարչապետի թիմակիցները….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031