2017թ. փետրվարի 8-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչ Գրիգոր Մաթեւոսյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016թ. մարտի 18-ի ուշ երեկոյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի վարչական տարածքում գտնվող Տավուշի ջրամբարի թերակղզու հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում համաքաղաքացի, 39-ամյա Վրեժ Բաբկենի Մաթեւոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքին եղած դանակով հարվածել է նրա հետանցքի շրջանին՝ պատճառելով հետանցքի շրջանի ծակած-կտած վերք՝ ձախից, արտաքին արյունահոսություն, 3-4 աստիճանի կոմբինացված շոկ, ագոնալ վիճակ: Դրանից հետո Գ. Մաթեւոսյանը Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա Գագիկ Արթուրի Ճաղարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային եւ հետին երեսին, սպանել նրան: Գ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Գ. Մաթեւոսյանը ավելի քան 2 տարի, 2016թ. մարտի 20-ից գտնվում է կալանքի տակ: Գ. Մաթեւոսյանի հայրը՝ Հրայր Մաթեւոսյանը հայտնեց, որ հուլիսի 11-ի նիստում դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Գ.Մաթեւոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներում եւ դատապարտել 23 տարի ժամկետով ազատազրկման:
Հ. Մաթեւոսյանը պնդում է, որ իր որդին այդ քրեական գործով անմեղ է, քրեական գործի քննությունը ճիշտ չի կատարվել: Գ. Մաթեւոսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանը եւ Թադեւոս Ալեքսանյանը:Այդ գործով դատավարությունը հաջորդ՝ օգոստոսի 2-ի նիստում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ