Կալիֆորնիայում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 32-ամյա Վանես Մարտիրոսյանը, որն ամբողջ ընտանիքով՝ ծնողների, կնոջ ու երկու զավակների հետ երեք օրով այցելել է Գյումրի, այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 28 տարի հայրենիքում չէր եղել։
«Որ եկանք հայրենիք ու այցելեցի Աբովյան՝ իմ ծննդավայր, միայն ցուլի արձանն էի հիշում այնտեղից, պուճուր ժամանակ միշտ խաղում էինք։ Երկու շաբաթ է՝ Հայաստանում եմ, Երևանը ոնց որ Լոս Անջելեսը լինի, որ եկա Գյումրի, 2 օր է՝ այստեղ եմ, հասկացա, որ Հայաստանը Գյումրիում է։ Երևանը շատ նման է Գլենդելին»,- ասաց բռնցքամարտիկը։
Մեր դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին մտածել հայրենիք վերադարձի մասին, հնարավո՞ր է այս այցից հետո դուք ևս մտածեք այս մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Որոշել եմ, սեպտեմբերին հետ եմ գալիս հայրենիք, վեց ամիս այստեղ եմ մարզվելու, մենամարտս այստեղ անեմ։ Խոսում եմ տղերքի հետ, ուզում եմ՝ մենամարտս կամ Հայաստանում կամ Ռուսաստանում կայանա, ուզում եմ ժողովրդին ուրախացնել։ Ուզում եմ ընտանիքիս հետ բերել հայրենիք ու սաղին ասել՝ Հայասատանը շատ է փոխվել, ժողովուրդը փոխվել է, հայրենքին ուրիշ է, լավ է, բայց Գյումրին շատ լավն է։ ԱՄՆ-ում գյումրեցի շատ ընկերներ ունեմ, միշտ վիճում ենք, որ նրանք ասում են՝ մենք լավն ենք։ Որ ԱՄՆ վերադառնամ, ասելու եմ ՝ հաստատ դուք շատ ավելի լավն եք», -ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը։
Բռնցքամարտիկի ծնողները մեզ ասացին, որ Վանեսի երեխաներին մկրտել են հայրենիքում։ Կինը օտարազգի է, սակայն երեխաները անգլերենից բացի նաև հայերեն են խոսում, հայրը մտադրված է նրանց հայկական դպրոց ուղարկելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարում բռնցքամարտիկի ընտանիքն է։