Գյումրեցի 14-ամյա Հոբ Ղազարյանը, որը բնակվում է այս քաղաքի ամենաաղքատ ու ցեխոտ թաղամասում՝ «Ֆանտաններում»՝ տնակի մեջ, նկարել էր այն փողոցը, որով նա ամեն օր հասնում է դեպի արհեստանոց։ Նրա այս նկարը գերել էր օգտատերերին, գրավել էր համացանցը։
Հոբը մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ թեև շատ է նեղվում ցեխոտ փողոցներից, սակայն պահի տակ իրեն գրավել է ցեխաջրերի մեջ պատկերների արտացոլանքը: Իսկ ցեխերի մեջ պատկերված տղան հենց ինքն է։
Այսօր Շալե-Գյումրիի» սրահում 14-ամյա պատանի տաղանդներ՝ Հոբի, Մկրտիչի, Փաշիկի և նրանց վարպետի՝ ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին մասնակցելով՝ տեղեկացանք, որ Հոբի այդ նկարը գնվել է Համաշխարհային բանկի կողմից, այժմ փակցված է բանկի պատին։
Այս մասին մեզ տեղեկացրեց Հոբը, իսկ նրա վարպետը՝ Սամվել Գալստյանը հավելեց, որ Համաշխարհային բանկը իրենցից գնել է երեք աշխատանքներ՝ նաև իր ու 14-ամյա Մկրտիչ Պետրոսյանի նկարներից ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ